կարևոր
742 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-16 21:44

Կիսված Շուռնուխում քեֆ-ուրախություն է, 4 ընտանիք տուն ստացավ

Գորիսը վերածվել է շինհրապարակի. քաղաքի ամեն անկյունում վերանորոգման աշխատանքներ են: Վերակառուցված Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացումն է։ Փողոցը ծայրամասերում է, բնակիչները կատակով են ասում ճշմարտությունը՝ վերջին անգամ հարթ ասֆալտով քայլել էին 30 տարի առաջ:

Թաղամասը նորոգվել է համայնք-պետություն գործակցության արդյունքում, ֆինանսական  ներդրումների 55 տոկոսը տրամադրել է Գորիսի քաղաքապետարանը: Վերակառուցվում  է եւս 5 թաղամաս:

Համայնքային իշխանությունը ցանկանում է քաղաքի պատմական կենտրոնի տեսքը վերականգնել,  թաղամասերից երկուսը կոչելու են Մխիթար Սպարապետի եւ Դավիթ Բեկի անուններով։ Առուշանյանն ասում է՝ խնդիր ունեն  ներքին տուրիզմը զարգացնելու: Գորիսում թշնամուց վախենալու առիթ չկա: Քաղաքապետը ամուր լինելու կոչ է անում:

Թշնամուց վախ չկա անգամ ադրբեջանական հենակետերով կիսված Շուռնուխում, ավելին՝ այստեղ քեֆ-ուրախություն է: Լայվ Գորիսի համայնքապետարանի վերակառուցած բնակելի շենքում նորամուտ է, 4 բազմազավակ ընտանիք տանիք ունեցավ:

Այս տղայի ննջարանի պատուհանը նայում է ուղիղ ադրբեջանական հենակետերին՝ մի քանի քայլ այն կողմ թշնամու զինված ուժերն են, չհանձնվողներից է, մտածելու բան չունի, տունը մտովի արդեն կահավորել է:

Տուն ստացած երեք ընտանիքներում 3և 4-ական երեխա են մեծանում։ Մեկ բնակարան էլ Արցախից տեղահանված ընտանիքի համար է։

Միջազգային կազմակերպությունների միջոցներով շենքում բացվել են նաեւ մանկական զարգացման եւ երիտասարդական կենտրոններ։

Շուռնուխում օրը տոնական է մինչեւ ուշ երեկո, ադրբեջանցիների քթի տակ հնչում են հայկական ժողովրդական երգն ու պարը, տարածվում՝ Սյունիքի  ավանդական ուտեստների անուշահոտությունը:

Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։