կարևոր
1339 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-15 21:10

Հայաստանի կրթական համակարգում նախատեսվում է ներդնել հարեւան երկրների լեզուների դասավանդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի կրթական համակարգում նախատեսվում է ներդնել հարեւան երկրների լեզուների, այդ թվում՝ ադրբեջաներենի, թուրքերենի դասավանդում: Վահրամ Դումանյանի խոսքով՝ դա արվում է  զուտ տարածաշրջանային լեզուներին, մշակույթին ծանոթ լինելու համար, պետք չէ ֆիքսվել մեկ երկրի վրա:

Կառավարությունը դեռ փետրվարին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», ըստ որի նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացում եւ որակ: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ նախագիծը ունի շատ թերի կողմեր, եւ կրում է վերացական բնույթ: Բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք լուծում են պահանջում, ըստ փորձագետի՝ դուրս են մնացել նախագծից:

Եղել են իհարկե քննարկումներ, բայց մասնագետների խոսքով փաստաթուղթն ընդունվել է առանց հանրային լայն քննարկման: Փաստաթղթում հստակ առանձնացված չեն կրթական ոլորտում առկա խնդիրները, այլ ընդամենը ոգեւորող տեսլական է ներկայացված:

Հիշենք, որ ամիսներ առաջ մասնագիտական շրջանակները կոշտ քննադատեցին հանրակրթական պետական առարկայական չափորոշիչները, որոնցում «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներում փորձում էին թուրքին չներկայացնել իբրեւ թշնամի, Արեւմտյան Հայաստանը կոչել  Արեւելյան Անատոլիա՝ կասկածի տակ դնելով հայոց իրական պատմությունը:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։