կարևոր
1441 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-13 21:36

Եղվարդում կոյուղու խողովակներ են պայթել եւ կեղտաջրերը լցվում են շենքի բակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր Երեւանյան լիճ է Եղվարդում՝ ափսոս կոյուղաջրեր են,-ցավոտ խնդիրը կատակի են վերածում Երեւանյան 8 շենքի բնակիչները: Տասն օր է նրանք ապրում են արտակարգ պայմաններում: Կոյուղու խողովակներ են պայթել եւ կեղտաջրերը լցվում են շենքի բակ: Գարշահոտությանը գումարվում է ամառվա տապը, մուտքերում վխտում են ճանճերն ու մոծակները:

Բնակիչների համբերության բաժակը լցվել է՝ չեն դիմանում: Ասում են՝ հազար անգամ զանգել են «Վեոլիա ջուր»  ու մի այդքան անգամ էլ քաղաքապետարան՝ սայլը տեղից չի շարժվում:

Եղվարդցիները սարսափում են՝ կոյուղաջրերը կարող են խառնվել խմելու ջրին: Քաղաքապետարանից բնակիչներին ասել են՝ փոխքաղաքապետը զբաղվում է այս հարցով, բայց դեռ որեւէ տեղաշարժ չկա: Երեխաները չեն դիմանում տանը, փորձում են մաքուր անկյուն գտնել խաղալու համար:

Բնակիչները ասում են՝ եթե իմանան մեկ ամսից է վերանորոգվելու կոյուղին, գոնե տուն կվարձեն կամ հարազատների տուն կգնան, բայց այդ հույսն էլ չկա:

«Վեոիլա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանը նախ խոստացավ պարզաբանել խնդիրը:

Հետո արդեն չպատասխանեց մեր զանգերին:

Եթե հարցը լուծում չստանա՝ բնակիչները բողոքը կտեղափոխեն այլ դաշտ, կդիմեն կառավարություն:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։