կարևոր
1708 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-13 21:13

Չկուրանաք ադրբեջանցու շողոքորթող խոսքից՝ նրանց ազգային յուրահատկությունը մորթելն է. արցախցիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Շուշի ես տոն ունիմ, հայրս, մայրս, գերեզմաններ ունին, ո՞նց չենք կարա, կգնանք»,-ասում է Սեդա տատն ու հոգոց հանում:

Շուշիում ապրած Սեդա տատը, որը հիմա Մարտակերտի Չափար գյուղում է, հնարավոր բան չի համարում, որ թուրքերն Արցախի մնացած հատվածն էլ մտնեն:

«Հնարավոր բան չէր լինի, եթե տղամարդու նման դեմ առ դեմ ելնեին, դավաճանություն չլիներ»,- ասում է Սեդա տատի որդին,- այդ դեպքում կապիտուլյացիան Ադրբեջանը կստորագրեր:

17 տարեկանից է Արմենը արցախյան գոյամարտում: Իր պապական այս տունը Մարտակերտում 90-ականներին այրել էին, երբ ադրբեջանցին մտել էր: Մեկ տարի անց նորից ազատագրեցին Մարտակերտը ու Արմենը հարս բերեց տուն:

Մարինեն ու ամուսինը տան հենց դիմացի դպրոցում ուսուցիչներ են: Արմենը աշխարհագրությամբ էլ, ռադիոֆիզիկայով էլ՝ աշխատել է երկար տարիներ:

Գյուղից որեւէ ընտանիք չի հեռացել: Իրենք 3 երեխա ունեն: Մեծ որդին ամուսնացած է Ստեփանակերտում, Շուշիի տուն-տեղը մնացել է ադրբեջանցուն: Մյուս զավակը ուսանող է, փոքրը՝ 5 տարեկան: Հաջորդ տարի որդին զորակոչվելու է:

Գյուղում բնական գազ պիտի քաշեին: Իրենք էլ տունն էին նորոգելու: Պատերազմից հետո սպասումը ձգվել է. ադրբեջանցիների մեջ ապրելու հեռանկարի լուրերը լսում են՝ ձեռքները չի գնում անգամ տանիքի ընկած ծածկը տեղը դնել:

Թշնամին հայի համար ճամփա է սարքում. արցախցու համար պարզ է՝ ինչու, ոչ մի նորություն:

Արմենի պապական տան բակում փոքր որդու մարզաձողն է, ապա մեծ որդու մարզաձողը, քիչ այն կողմ՝ բոքսի ինքնաշեն տանձիկը:

«Որ այստեղ ենք՝ արդեն մի բան նշանակում է»,-ասում է Մարտակերտի Չափար գյուղի բնակիչը,- որ չենք թողել, հեռացել, նշանակում է՝ մնում ենք:

Մանրամասները՝ Աննա Բալյանի տեսանյութում։