կարևոր
1291 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-13 11:36

Խաչքարերը, հուշարձանները տարհանում ենք, որպեսզի Ջրականի եկեղեցու ճակատագրին չարժանանան

Խաչքարերը, հուշարձանները տարհանում ենք, որպեսզի Ջրականի եկեղեցու ճակատագրին չարժանանան

Արցախի Հանրապետության կառավարությունը Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանում է հայկական հուշարձանները, քանի որ աչքի առաջ ունի Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու բազում օրինակներ կան: Եվ հենց այդ հանգամանքից ելնելով՝ որոշել են այս անգամ դրանք չթողնել թշնամու հսկողության տակ անցնող բնակավայրերում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ սկսվել է բնակչության տարհանումը, պետք է տարհանեին հուշակոթողները և միայն մոնումենտալ արվեստի հուշարձանները, խաչքարերը և այլն։

«Մենք այդ աշխատանքները սկսել ենք և տարհանում ենք ոչ միայն հուշարձանները, այլև գրադարանի գրքային ֆոնդը։ Բերձորի քաղաքային գրադարանից 10 հազարից ավելի կտոր գիրք ամբողջությամբ տեղափոխված է Ստեփանակերտ։ Տեղափոխում ենք Բերձորի, Աղավնոյի և Սուսի մոնումենտալ հուշարձանները, դրանք հավաքվում են մի տեղում Ստեփանակերտում։ Կան տարբեր առաջարկություններ այդ հուշարձանների հետագա ճակատագրի վերաբերյալ։ Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ պայմանավորվածություն ունենք, որպեսզի Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանու եկեղեցու մոտ ստեղծվի համապատասխան պուրակ և այնտեղ տեղադրվեն հուշակոթողներից մի քանիսը։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտակայքում ևս կտեղադրվեն որոշ հուշակոթողներ, խաչքարեր։

Կան նաև մասնավոր առաջարկներ, օրինակ, Շուշիի հուշարձանախմբի հեղինակից, որ նմանատիպ հուշարձանախմբի պուրակ կարող է ստեղծվել նաև Ստեփանակերտում, Մարտակերտում կամ այլ վայրում։ Այսինքն՝ մենք այս ամենը տեղափոխենք և արդեն կսկսենք այս կամ այն վայրում դրանք տեղադրել ու պահպանել։

Ունենք 12-13-րդ դարերի խաչքար, որը, բնականաբար, իր տեղն է գտնելու պատմաերկրագիտական թանգարանում»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ըստ նրա, այս պահին էլ հուշարձանները տարհանման փուլում են, ավարտվել է Ներքին Սուսի, Աղավնոյի մոնումենտալ հուշարձանների տեղափոխությունը։ Արդեն ավարտին է մոտենում Բերձորի ճանապարհի եզրերին գտնվող հուշարձանների տարհանումը։

«Հաջորդիվ զբաղվելու ենք Բերձորի կենտրոնական մասում գտնվող հուշահամալիրի խաչքերի տեղափոխության հարցով, կան որոշակի տեխնիկական խնդիրներ, դրանով ենք զբաղվում։ Այդուհանդերձ, մեզ տրված ժամկետում դուրս կհանենք բոլոր հուշարձանները։

Տարհանվող խաչքարերի, հուշարձանների և կիսանդրիների մոտավոր թիվը ներկա պահին 47 է։ Սակայն լինում են դեպքեր, որ տեղական իշխանությունը դիմում ու տեղեկացնում է, որ՝ այսինչ վայրում էլ խաչքարեր կան, մենք դրանց անմիջապես արձագանքում ենք։ Կան մարդիկ, որոնք դիմում են, որպեսզի տարհանենք նաև իրենց բակերում գտնվող որոշ հուշակոթողներ։ Այսինքն՝ երբ այդ ամենը տեղափոխենք, արդեն կոնկրետ թիվ կունենանք»,- հավելեց Լ. Հովհաննիսյանը։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ առհասարակ բոլորին է հայտնի Ադրբեջանի վարվող քաղաքականությունը հայկական մշակույթի նկատմամբ, այդ քաղաքականությունն Ադրբեջանը նույնիսկ չի թաքցնում և իրականացնում է պետական մակարդակով։

«Հատկապես 90-ականներից հետո տեղադրված հուշակոթողները, հուշարձաններն անմիջապես ոչնչացնում են, դրա վկան Ջրականի եկեղեցին է և բազմաթիվ այլ եկեղեցիներ ու հուշակոթողներ, որոնք մնացել են օկուպացված տարածքներում։ Բնականաբար, այդ ամենը տեսնելով, մենք քաղպաշտպանության պլանի համաձայն՝ ամեն ինչ տարհանում ենք, որպեսզի նույն ճակատագրին չարժանանան»,- շեշտեց նա։

Դեռևս այս տարվա մայիսին Արցախի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել՝ օկուպացված տարածքներում հուշարձանների պահպանության պետական խորհուրդ ստեղծելու մասին, և ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ այդ խորհրդում կքննարկվի տարհանված հուշարձանների վերաբերյալ բոլոր հարցերը և կկայացվեն համապատասխան որոշումներ։

«Կան խաչքարեր, որոնք նվիրված են այն ազատամարտիկներին, որոնք զոհվել են այդ շրջաններն ազատագրելու ժամանակ։ Բնականաբար, այդ ազատամարտիկների երեխաները, հարազատները կդիմեն նման խնդրանքով, որպեսզի այդ խաչքարերը տեղափոխեն այս կամ այն վայր, որտեղ իրենք ապրում են։ Կարծում եմ՝ մենք բոլոր լուծումները կգտնենք»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։