կարևոր
850 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-12 21:38

Փողոցներում առևտրի հարցը մնում է չլուծված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրաքաղաքի փողոցներում փռած զարդերն ու պոմիդոր-վարունգը ավելի հաճախ սկսեցին երեւալ վերջին մի քանի տարում: Թեեւ վարչապետ Փաշինյանը իշխանության գալու սկզբում հենց հայտարարեց՝ ցածր ստանդարների երկրներն են այդպես անում:

Ստանդարտները համապատասխանեցնել, փաստորեն ոչ միայն չի հաջողվել, այլեւ խնդիրն ավելի է խորացել: Վերջին երկու տարում բացօթյա վայրերում չթույլատրված առեւտրի դեմ պայքարելու նպատակով կազմվել է ավելի քան 3500 արձանագրություն:

Մայթերը զբաղեցրած առեւտրականները վստահեցնում են. իրենք չեն կեղտոտում փողոցները, իսկ գումար վաստակելու այլ տարբերակ չունեն: Նրանց խոսքով՝ պետության աջակցության մասին խոսելն ավելորդ է, անգամ տեղ չեն հատկացնում իրենց ապրանքը վաճառելու համար:

Երեւանի քաղաքապետարանից ասում են՝ հատկացված տեղեր կան, միայն թե մարդիկ նախընտրում են անվճար տարբերակը: Երեւանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել նոր օրինագիծ՝ վաճառվող ապրանքը բռնագրավելու մասին: Զգուշացումներին հաջորդում են տուգանքները: Առաջին անգամ՝ 70 հազար, 2-րդ, 3-րդ դեպքերում՝ 100-200 հազար դրամ:  Խախտումները արձանագրում են ոստիկանները, որոնք տեղում նկարում են առեւտրականներին, սքանավորում, պարզում նրանց խախտումների պատմությունը:

Մարդկանցից տուգանք գանձելն էլ խնդիր է՝ նշում է Հովիկ Սաֆարյանը, շատերն անգամ գույք չունեն, անվճարունակ են:  Բացօթյա առեւտուրը Հայաստանում կանխելը ՔՊ-ի՝ քաղաքային իշխանության գալու նախընտական խոստումներից էր: Մետրոյի նոր կայարանի, մահաբեր վերելակների եւ այլ խոստումների նման, Երեւանի մայթերն էլ մնացին չմաքրված չթույլատրված առեւտրի կետերից:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։