ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի ձերբակալման մասին լուրը Ոստիկանությունից մեկ ոտք շուտ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ նրա՝ Սուրեն Մանուկյանը ու եւս երկու հոգի առեվանգել են իր հորը՝ Գրիշա Քոքոբելյանին:
Սրան հաջորդում է Ոստիկանության հայտարարությունը, որում ասվում է, թե հուլիսի 27-ից անհետ կորած Գրիշա Քոքոբելյանին վերադարձնելու դիմաց անհայտ անձը կապ է հաստատել նրա հարազատների հետ ու վերադարձնելու դիմաց գումար պահանջել: Եւ իբր Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել գումար ստանալուց հետո:
Սուրեն Մանուկյանին ձերբակալել են 72 ժամով: Կասկածները շինծու են՝ վստահեցնում է Սուրեն Մանուկյանը:
Դեռ 3 ամիս առաջ էր, որ Ոստիկանության հատուկ նշանակության վարչությունը խուզարկություն իրականացրեց Սուրեն Մանուկյանի տանը, ընտրակաշառքի ապացույցներ էր փնտրում, բայց չգտավ ու հեռացավ: Մանուկյանը այդ ժամանակ էր նշել, որ իշխանություններն իր հանդեպ քաղաքական հետապնդում են սկսել:
Դաշնակցության մամուլի ծառայությունն էլ հայտարարությամբ հիշեցնում է՝ դեռեւս ամիսներ առաջ են սկիզբ առել Սուրեն Մանուկյանի դեմ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, բնակարանի՝ առանց հիմքի խուզարկումը, վարկաբեկման փորձերը:
Ընդամենը 2 ամիս առաջ Քոքոբելյանների կասկածելի գործարքի մասին լուրը ողողեց ողջ համացանցը: Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդին՝ Յուրի Քոքոբելյանը, անցած տարվա խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ 50 հազար դրամով, Վանաձորի նախկին քաղաքապետից գնել էր Մարց գետի վրա գործող հիդրոկայանը: Պետական ռեգիստրի տվյալներով` վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն էր դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որը բնակվել է Ռուսաստանում եւ Հայաստան վերադարձել 2018թ-ի հեղափոխությունից հետո: Այսինքն, չի բացառվում, որ Քոքոբելյանների ու Փաշինյանների միջեւ անձնական մտերմություն կա: Դաշնակցական գործչին քաղաքական դրդապատճառներով թիրախավորելու մասին՝ ՀՅԴ հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ նրան ձերբակալել են բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ՝ անձի առեւանգման կասկածանքով: Փաստաբանը մտադիր է դատարանում բողոքարկել եւ՛ ձերբակալումը, եւ՛, եթե տանեն կալանքի՝ կալանավորումը:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։