կարևոր
1225 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-12 15:39

Այլևս չենք կարող թույլ տալ մեզ անազատ ու անարդար երկրում ապրելու շքեղություն․ Չալաբյանի ուղերձը

Այլևս չենք կարող թույլ տալ մեզ անազատ ու անարդար երկրում ապրելու շքեղություն․ Չալաբյանի ուղերձը

«Վարչակարգի պարագլուխն ու իր անմիջական կամակատարները չէին կարող հաշտվել այն գաղափարի հետ, որ Հայաստանի Հանրապետության անհատ քաղաքացին ընդունակ է ոչ միայն բաց ճակատով ընդդիմանալ նրանց, այլև օրենքի ուժով պաշտպանել իր հիմնարար՝ ազատության իրավունքը»,-ՔԿՀ-ից հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հղած ուղերձն ընթացող քննարկման ժամանակ ընթերցեց նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։

«Լցված անհագուրդ քինախնդրությամբ՝ գործող վարչակարգն իր կամակատար դատարանի միջոցով օրենքի պահանջների ցինիկ ոտնհարմամբ նորից զրկեց ինձ ազատությունից այս անգամ առանց որևէ իրավական հիմնավորման, կամ առանց հաշվի առնելու այն հարյուրավոր գործիչների և հեղինակավոր մտավորականների կարծիքը, որոնք պատրաստ էին երաշխավորել իմ ազատությունը»,-շարունակեց ընթերցել Չալաբյանի կինը։

Քաղաքական-հասարակական գործիչն իր ուղերձում հիշեցնում է  իշխանությունների կողմից դատարանների շրջափակումը, հակասահմանադրական ճանապարհով ՍԴ զավթումը,  ցինիկ շանտաժի միջոցով ԲԴԽ-ին իրենց ենթարկեցնելը, իրավապահ մարմիններում մոլեռանդ կամակատարներին պաշտոնների նշանակելը։

«Այս ամենն արվել է, որպեսզի ստեղծվի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացվեն ազգային պայքարի դուրս եկած ու վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիների ու կազմակերպությունների հանդեպ։ Սակայն Հայաստանում այսօր հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլև բանտարկված է արդարադատությունը։ Վարչակարգի կամակատարները կարող են մարդ սպանել ու շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու՝ նույնիսկ տեսական հնարավորությունից։ Մենք դրանք չէինք արժանի։ Մենք արժանի ենք ապրել երկրում, որտեղ դատարաններն անկախ են գործադիր իշխանությունից, երկրում, որտեղ մարդու ազատությունը սահմանափակվում է ծայրահեղ դեպքում և օրինական դատավճռով, երկրում, որտեղ գերիշխում է Սահմանադրությունը։ Մենք արժանի ենք ապրել մի երկրում, որտեղ բարձրագույն իշխանությունն աճուրդի չի հանում մեր բոլորի հավաքական իրավունքները և հարգում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի ու ազատության իրավունքը։ Մենք չենք կարող նման երկիր ունենալ, եթե պարզապս սպասենք դրան՝ որպես դրսից տրված պարգևի»,-գրել է Չալաբյանը՝ ընթդգծելով, որ այլևս չենք կարող թույլ տալ մեզ անազատ ու անարդար երկրում ապրելու շքեղություն, որը կարող է բերել պետականության վերջնական կորստի, հայրենիքի ուծացման։

Անազատության մեջ գտնվող գործիչն ընդգծում է հետևողական պայքարի կարևորությունը։

«Վարչակարգն ամեն քայլափոխի պետք է հանդիպի կազմակերպված, գիտակից քաղաքացիների դիմադրությանը, մինչև այն սկսի տեղի տալ, հարգել նրանց իրավունքները, մինչև մեր երկրում խաղի կանոնները փոխվեն ի օգուտ մարդու և հավքական ազգային շահի»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Չալաբյանի պաշտպանական խումբը կազմակերպել է «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում։
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնաճնշումների ծավալվող ալիքը վերջին տասնամյակի համար աննախադեպ է: Ճնշվում է ազատ խոսքը, քաղաքական այլակարծությունը, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում և մարդու կյանքի իրավունքը։ Ըստ պաշտոնական վիճակագրության միայն 2018-22թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել, այդ թվում նաև.

. 2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ,
. 2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ,
. 2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ,
. 2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ,
. 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ

Վերջին դեպքը Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն էր` դատարանի դահլիճում»։