կարևոր
928 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-11 22:15

Նուբարաշենից Արարատի մարզ տանող ճանապարհի խոզաբուծարանի գոմաղբը լցվում է մարզի գյուղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նուբարաշենից Արարատի մարզ տանող ճամփի խոզաբուծարանի գոմաղբն է, լցվում է մարզի գյուղերը, խառնվում ոռոգման ջրերին, անտանելի գարշահոտ տարածում հարակից գյուղերում:

Տարիներ շարունակ գոմաղբը լցվում էր Արտաշատի ջրանցքը: Հոսող ջուրը կարելի է թույն համարել, անզեն աչքով էլ տեսանելի է տիղմի առկայությունը: Ջրաշենցիներն ասում են՝ մեկը չկա խնդրին վերջնական լուծում տա: Գյուղացիներն ու մամուլը ակնարկում են՝ Սամվել Ալեքսանյանի խոզաբուծարանն է, գրանցված է իբրեւ «Էս Էս ՋԻ Էմ» ՍՊԸ՝ Արմեն Էլչյանի անունով: Բազմիցս թակել են խոզաբուծարանի դռները, վերեւների թեմա է: Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թեւանյանը եկել է՝ խոստումներ տվել, գնացել:

Ջրաշենցիների բարձրացրած աղմուկից հետո գոմաղբի դեմը ժամանակավոր առել են: Ջրառ ընկերությունն է խնդրին լուծում տվել՝ հողով փակել է ջրատար լցվող կեղտաջրի առվակները, որ մաքրի ջրառը:

Ջրաշենի գյուղապետը չցանկացավ տեսախցիկի առջեւ երեւալ, հեռախոսով վստահեցրեց՝ խնդիրը լուծված է, գյուղացիները գոհ են: Ջրաշենցիները պնդում են հակառակը՝ երբ խելքներին փչի ջրառը գոմաղբ կլցնեն:

Իջնում է Մասիսի գյուղեր: Մարմարաշենցիները, ինչպես ասում են, մի քանի օր անց նվագի ձայնը կլսեն: Հարցին վերջնական լուծում տալու փոխարեն Մասիսի գյուղերի համար են խնդիր ստեղծել: Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանի խոսքով՝ նույն սեփականատիրոջը պատկանող՝ նույն խնդիրն ստեղծող, մեկ այլ խոզաբուծարան էլ կա:

Խոզաբուծարանը Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում է, վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը պնդում է՝ եղել է խոզաբուծարանում, տեղյակ է խնդրից, իրեն էլ են ասել՝ լուծում են մտածում, սեփականատերը երկրում չէ: Միայն թե, հեծանիվ հորինելու կարիք չկա: Կառավարությունը հստակ որոշում ունի. արտադրության եւ սպառման թափոնները պետք է չորացնել եւ թաղել: Կարելի է նաեւ վերամշակել: Այս տարբերակներից ոչ մեկը խոզաբուծարանի տերը չի արել:

Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։