կարևոր
1093 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-11 21:47

Աղավնոն, Բերձորն ու Ներքին Սուսը հայաթափվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Աղավնո գյուղի բնակիչները տները լքելու հրահանգ են ստացել. դեռ տարհանված մարդ չկա, բայց  իրերն են հավաքում: Երկու շաբաթից Աղավնոն կդառնա ադրբեջանական Զաբուխ: Աղավնոյի 54 ընտանիքից միայն 7-ն է ցանկացել տեղափոխվել Արցախի այլ բնակավայրեր, մյուսները մտադիր են Հայաստանի Հանրապետությունում հաստատվել: Փաստի առաջ կանգնած բնակիչներն ասում են՝ Փաշինյանը հայաթափում է Արցախը: Տեղահանում են նաեւ հուշարձանները, եկեղեցու վրայից քերում, որ տեղափոխեն խաչքարերը: Գյուղը շուտով կհոսանքազրկվի, կանջատվեն նաեւ հեռախոսակապերը: Բերձորում ու Ներքին Սուսում նույնպես հետհաշվարկ է. մինչեւ օգոստոսի 25-ը բոլոր 3 գյուղերը կհայաթափվեն:

91 000 մարդ տեղահանվեց  բնօրրան Արցախից  ու ապաստան գտավ Հայաստանի Հանրապետությունում. Արցախյան երկրորդ պատերազմն իր սարսափելի հետեւանքներով դեռ չսպացող վերք է: Միգրացիոն ծառայության տվյալով՝ պատերազմի ավարտից հետո նրանց մեծ մասը վերադարձել է Արցախ, այժմ Հայաստանում է շուրջ 25 հազար արցախցի: Նրանք օրեր են անցկացնում կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներում. անգամ փոխհատուցման գումարի վկայագիրը ձեռքներին՝ որեւէ հաստատություն չի տալիս իրենց կորցրածի դիմաց նախատեսված գումարը:

Արցախից տեղահանվածներին ՄԱԿ-ի փախստականների կոմիտեն որակում  է՝«փախստականի նման կարգավիճակում գտնվող մարդիկ»: Արցախցիները դեմ են այս բնորոշմանը, նրանք իրենց պարագայում նախընտրում են «տեղահանված» տերմինը: Ռոման Բալայանը առաջին պատերազմում կորցրել է հորը եւ մորեղբորը, 2016 թվականին հերոսաբար զոհվել է եղբայրը՝ Ազնավուր Բալայանը: Վերջին պատերազմում որբացել է քրոջ ընտանիքը՝ անհայր են մնացել երեխաները:

Կառավարությունը Աղավնո, Բերձոր, Ներքին Սուս համայնքների բնակիչներին առաջարկում է 8-10 միլիոն դրամի սերտիֆիկատ: Արցախցիները կորցրել են վստահությունը Հայաստանի ու Արցախի կառավարությունների հանդեպ. եթե հադրութցներն ու մյուս բնակավայրերից տեղափոխվածներն են ձեռնունայն մնացել, ինչ երաշխիք, որ իրենց հանդեպ վերաբերմունքն այլ կլինի:

Աղավնոյի բնակիչները որոշել են մինչեւ վերջին օրը մնալ գյուղում: Կտեղափոխեն երեխաներին, իսկ իրենք մինչեւ վերջ կփորձեն հասականալ՝ ով վաճառքի հանեց իրենց գյուղը:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։