«Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղն է դրել Փաշինյանին» եւ հայկական կողմին թիրախավորող նմանատիպ այլ գլխագրեր՝ ադրբեջանական լրատվամիջոցներում: Իսկ պատճառը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն է, թե անհիմն է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ուղղված քննադատությունը: Թեեւ Իվան Նեչաեւը չի հստակեցրել՝ կոնկրետ ում են ուղղված իր այս խոսքերը, սակայն հատկապես վերջին շրջանում Արցախում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ցանկացած սրված դրության ժամանակ հայաստանյան իշխանականները քննադատության սլաքներն ուղղում են ռուսներին:
Որպեսզի ավելի հասկանալի լինի ռուս խաղաղապահների գործառույթը, նրանք նախ պետք է Արցախում գտնվելու հստակ մանդատ ունենան: Որքան էլ ռուս խաղաղապահները որպես այդպիսին գոյություն ունեն եւ ապահովում են արցախցիների անվտանգությունը, քաղաքագետ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ իրավական առումով մանդատ, ցավոք, չունեն: Ու այդ փաստաթղթի բացակայությունը հնարավորություն է տալիս հակառուսական ուժերին կամ ՀՀ-ում, Ադրբեջանում եւ այլուր հակառուսական տրամադրություն ունեցող անհատներին անընդհատ թիրախավորել խաղաղապահների գործունեությունը:
Հայաստանն Արցախին կապող միակ միջանցքի մասին. ճեպազրույցին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան ասել է, որ Լաչինի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան: Թե ինչ է սահմանում հայտարարության 6-րդ կետը, Նեչաեւը նորից է հիշեցրել՝ նոր երթուղու կառուցման նախագիծը, շեշտում եմ՝ ընդամենը կառուցման նախագիծը, պետք էր որոշել մոտակա 3 տարում:
Փաստը, սակայն, այն է, որ եռակողմ հայտարարությունում նշված 3 տարին դեռ չի լրացել, իսկ Ադրբեջանի վերջին սադրանքից հետո հայկական կողմը մինչեւ օգոստոսի 25-ն ժամանակ է տվել Բերձորի, Աղավնոյի ու Սուսի բնակիչերին՝ լքելու իրենց բնակավայրերը:
Ռուսական հարթակում, պարզվում է, նոր բանակցություններ են սպասվում: Մոսկվան նախատեսում է մինչեւ օգոստոսի վերջը կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ հանդիպումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ուղղություններով:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։