կարևոր
1183 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-11 13:39

Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ տարին երկու անգամ թանկանում է

Yerevan Today-ը գրում է.

«Վեոլիա ջուր» ՍՊԸ-ն դիմել է ջրի սակագինը բարձրացնելու համար։ Առաջարկում է բարձրացնել 9 դրամով՝ 200 դրամից դարձնելով 209 դրամ։

Ուշագրավն այն է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին մասնակցելով ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավին, Նիկոլ Փաշինյանը խոստացավ ժողովրդին, որ մի քանի տարի ջրի սակագինը չի բարձրանա։ Նա հայտարարեց, որ Վեոլիա ջրի հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա։ Դա այդ պահին իսկ մանիպուլյացիա էր, որովհետև այդ ժամանակ իսկ պայմանավորվել էին, որ ջուրը թանկանում է, սակայն այդ թանկ գինը վճարելու ենք 2024 թվականից։ Այսինքն, անկախ ամեն ինչից, 2024 թվականին մենք ջրի թանկ սակագին կվճարենք 2019 թվականի բարձրացման համար։

Բայց, հակառակ Փաշինյանի խոստման, ջրի սակագինը 2022 թվականին բարձրացավ 20 դրամով՝ 180-ից դառնալով 200 դրամ։ Եվ դա դեռ քիչ է, հիա էլ դիմել են ևս 9 դրամով բարձրացնելու համար։

Ստացվում է՝ Փաշինյանը խոստանում է ջուրը չթանկացնել, բայց թանկացնում է երեք անգամ։

Թե ինչ հիմնավորումներ կան (վստահ ենք, որ թանկացումներն ունեն արժանի հիմնավորումներ, այլապես պրոֆեսիոնալ կառույց է ՀԿԾՀ-ն և թե՛ նախկինում, թե՛ հիմա առանց ծանրակշիռ հիմնավորումների չէր բարձրացնի), մեզ չի հետաքրքրում, քանի որ մեզ խոստացվել էր, որ անկախ ամեն ինչից, չի բարձրանա սակագինը։

Սա իր հերթին նշանակում է, որ ՀՀ կառավարությունը անվստահելի գործընկեր է թե՛ բիզնեսի համար, թե բնակչության համար, թե՛ գործընկերների համար։ Եթե պետության ամենաբարձր պաշտոնյան խոստանում է, որ սա կլինի այսպես, իսկ սա այսպես չի լինի, ուրեմն ինչ ուզում է լինի, պետ է իր խոստումը պահի, բայց սրանք ասում են կլինի այսպես հետո սկսում են արդարանալ, թե ինչու այդպես չէ։

Մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել տարբեր երկրների հետ, թշնամիների հետ․ բա եթե լինելով պետության ղեկավար, երկրի ներսում չի կարողանում նորմալ բանակցել, մեկ խոստում գոնե պահել-կատարել, իրենից հզոր երկրների հետ ո՞նց է կարողանալու։ Թե՞ բոլոր ներդրողներն էլ են Փաշինյանից հզոր։