կարևոր
679 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-10 21:15

Ադրբեջանի կողմից շարունակ խախտվում են նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրադադարի ու ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի զորքերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Սահմանների հարցը այսպես է ամրագրված  նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի առաջին կետում: Ադրբեջանական կողմը սակայն դիրքերը առաջ է տվել ոչ միայն Արցախի այլեւ  Հայաստանի Հանրապետությունների սուվերեն տարածքների հաշվին: Փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերն անցան հակառակորդին:

Հաջորդեց Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում ադրբեջանակական զորքի առաջխաղացումը, այնուհետեւ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը խախտելով սահմանագիծը առաջ շարժվեց ու տեղակայվեց Քարագլխի դիրքերի ուղղությամբ: Ըստ ռազմական փորձագետի, ստացվում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը չեն պահպանվում. դրանցից  շատերը խախտվում են, կամ կատարվում այնպես, ինչպես Ադրբեջանին է «ձեռք տալիս»:

Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 6-րդ կետի` Լաչինի միջանցքը, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ,  շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության  ներքո: Այսինքն եռակողմ փաստաթղթում Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնման մասին ոչինչ նշված չէ: Փորձագետները չեն բացառում, որ լինի ստորագրված նոր փաստաթուղթ, կամ տարածքների զիջման բանավոր պայմանավորվածություն: Այս մասին հրապարակված որեւէ տեղեկություն չկա:

Այս ամենի մեղքը Հայաստանի իշխանությունները փորձում են բարդել ռուս խաղաղապաների վրա: Ռազմական փորձագետը տարակուսում է՝ ռուսները չեն կարող հայից ավելի հայ լինել.  Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից պահանջում է ու ստանում:

Մասնագետները ցավով աչձանագրում են. նոյեմբերի  9-ի փաստաթուղթը, որքան էլ անընդունելի դրույթներ  ունի Հայաստանի համար, այնուամենայնիվ, այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները բանավոր պայմանավորվածություններով, այդ փաստաթղթից ավելի վատն է:

Մանրամասները՝  Անի Նահապետյանի տեսանյութում։