կարևոր
919 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-09 23:22

Քարերի սիմֆոնիայում քաղաքացիներից գումար են վերցնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քարերի սիմֆոնիայոմ ենք: Բնական հուշարձանով անցնող ճամփին արգելափակոց են տեղադրել, տոմս են վաճառում: Այստեղով քայելու համար 200 դրամ գումար են ուզում, անգամ եթե տարածքի հանգստյան գոտի ես գնում: Այցելուներն իմանում են տեղում:

Պահանջեցինք գումար գանձելու օրինականության մասին փաստաթուղթ ներկայացնել: Տոմսավաճառը պատուհանի վրա փակցված հնամաշ այս թղթի կտորը ցույց տվեց, սեւով սպիտակի վրա գրված է՝ իրավաբանական անձի պետական գրանցման վկայական: Սա, սակայն, որեւէ կերպ չի հիմնավորում ո՞վ, ե՞րբ եւ ինչու՞ է որոշել բնական հուշարձանի տարածքով քայլելու համար մուտքավճար սահմանել:

Գործադիր մարմնի  իրավասու 3 նախարարություններն ու Կոտայքի մարզպետարանը միաբերան պնդում են՝  Քարերի սիմֆոնիան համայնքապատկան հուշարձան է՝ իրենք որեւէ առնչություն չունեն: Միայն Գառնու համայնքապետարանում ենք կարողանում հասկանալ՝ ո՞ւր են գնում  քաղաքացիներից գանձված գումարները:

Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը տեսախցիկի առջեւ խոսել չցանկացավ, տեղակալն է պարզաբանում՝ ավագանու նիստ են արել, որոշում կայացրել՝ այցելուներից գումար գանձել՝ տարածքի բարեկարգման, մաքրման աշխատանքներն իրականացնելու համար:

Քարերի սիմֆոնիայի բարեկարգման ծրագրի ավարտից հետո, ըստ նրա, սիմֆոնիան ավելի հայտնի է դարձել ոչ միայն Հայաստան այցելուների, այլեւ արտերկրյա զբոսաշրջիկների համար: Ավագանին էլ սա հիմք է ընդունել եւ որոշել գումար աշխատել: Այսպես 1,5 ամսում 6 միլիոն դրամ շահույթ են ապահովել, որից միայն 1 միլիոն դրամն է տրվել տարածքը մաքրող եւ հսկող աշխատակիցներին:

ՏԻՄ մարմինների գործունեությունը, ըստ օրենքի, պետք է բխի համայնքի բնակիչների շահերից: Փողոցով անցնելու համար գումար գանձելու վերաբերյալ ավագանու որոշումը խախտում է բնակիչների սեփականության, գույքից անարգել օգտվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ ասում է իրավաբան Աշոտ Նուրիջանյանը:

Անհեթեթություն է որոշել վճարովի եւ անվճար երթուղիներ՝ ասում է Նուրիջանյանը:

Գառնու ցանկացած բնակիչ կարող է գումար գանձելու մասին համայնքային որոշումը վիճարկել Վարչական դատարանում:

Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։