Ագրարային համալսարանի այս լաբորատորիաներն այս տարի ուսանողների կարոտ կմնան: 2022-2023 ուսումնական տարում, թեպետ Ագրարային համալսարանին հատկացվել է առկա ուսուցման 930 անվճար եւ վճարովի տեղ, բայց բուհ է դիմել ընդամենը 192 դիմորդ. ընդունվել է միայն 38-ը: Դիմորդներից 97-ը ցանկացել է ընդունվել տնտեսագիտական ուղղվածության ֆակուլտետներ: 18 մասնագիտությունից 11-ով որեւէ մեկը չի դիմել:
Մասնագիտությունների՝ թափուր մնալու պատճառներից է նաեւ այն, որ որոշ ոլորտներում բարձր աշխատավարձով դժվար է գործ գտնել՝ ասում են մասնագետները. եթե մարդը բանասեր է կամ պատմաբան, մեծ գումար դժվար թե վաստակի:
Ագրարային Համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը կարծում է, որ ապագա ուսանողը տեղյակ չի լինում իրենց համալսարանի ընձեռած հնարավորություններին, ծրագրերին, բուհում կրթության որակին, այդ պատճառով է, որ չի կարողանում կողմնորոշվել՝ գնա՞լ Ագրարային, թե ոչ: Սա մտահոգիչ է, քանի որ մեր օրերում գյուղական բնակավայրերը մասնագետի կարիք ունեն:
Կրթության փորձագետի խոսքով՝ շրջանավարտների ընդհանուր բազային գիտելիքը նվազել է: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մեր օրերում առաջնային նշանակություն ունեցող ոլորտին: Այս տարի հայտագրված 13.887 դիմորդից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9 729-ը: Ոչ պետական բուհերի մասնակցությունն է նաեւ նպաստել, որ այդքան մեծ թիվ են կազմում թափուր տեղերը: Ոչ պետական բուհերի համար հատկացված են եղել 7 500 տեղ, որից համալրվել է 131-ը:Մասնագետների գնահատմամբ դիմորդների շրջանում, առավել պահանջված են իրավագիտությունը, ստոմատոլոգիան, բուժական գործը, հանրային կառավարումը, միջազգային հարաբերությունները, կիրառական մաթեմատիկան: Այս ուսումնական տարում 22 հազար տեղից 16 հազարը թափուր է մնացել:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։