կարևոր
1168 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-08 21:20

Ֆիլմ նվիրված հայոց թագուհիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայոց թագուհիներ. Նվիրյալները» գիտահանրամատչելի ֆիլմի հերոսուհիների կերպարներում ամփոփված է հայ կնոջ բոլոր առաքինությունները,  նաեւ անկոտրում հոգին: Ֆիլմը նկարահանվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները» գրքի հիման վրա:

Ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռ 2020 թվականին պատմաբան Արտակ Մովսիսյանի, ռեժիսոր Արտակ Ավդալյանի եւ այլ նվիրյալների կողմից: Պատմաբանի, որը նաեւ ֆիլմի սցենարիստն էր, անժամանակ մահը դանդաղեցրեց գործը: Արտակ Մովսիսյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչն էր: Նա պատմական 8 ֆիլմի հեղինակ է, այդ թվում «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմի, որը թողարկվել է 3 լեզվով: Պատմաբանը մշտապես պայքարել է իշխանությունների որոշումների դեմ, որոնք Հայոց պատմության առաջնային նշանակությունը ռիսկային էին դարձնում: Երկրի համար դժվար ժամանակներում Արտակ Մովսիսյանը անակնկալ կորոնավիրուսից մահանում է:

Վավերագրական ֆիլմում ներկայացված են Հայոց պատմության ինչպես բոլորիս ծանոթ, այնպես էլ երկրորդական կերպարներ: Երեք մասանոց ֆիլմի կենտրոնում, սակայն, հայ թագուհիներն ու իշխանուհիներն են: Ռեժիսորն անկեղծանում է՝ աշխատանքի ամբողջ ընթացքում զգացել է Արտակ Մովսիսյանի ներկայությունը. բարդ էր առանց լավագույն ընկերոջ գործը գլուխ բերել:

Արտակ Ավդալյանի խոսքով ամբողջ անձնակազմն աշխատել է մեծ նվիրումով, անգամ ֆինանսական սղությունը չի խանգարել: Հանդիսատեսի ծափողջույնները փաստեցին՝ ֆիլմի տպավորիչ է ստացվել:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։