Հինգերորդ օրը հացադուլ անող Արման Առաքելյանին բանտախցից տեղափոխել են պատժախուց: Այն դեպքում, որ ընդամենը վերջերս է վիրահատվել ու չի հասցրել ապաքինվել: «Արմավիր» ՔԿՀ-ում Արմանի պահման պայմանները, նրա խոսքով, սարսափելի են: Արման Առաքելյանը նշում է՝ Ռուսաստանն իրեն այլ ռեժիմով է դատապարտել: Հայաստանում կրկնակի խստացրել են պայմանները:
Կալանավայրում հացադուլ հայտարարած Արմանի անգամ տեսակցություններն են սահմանափակել՝ ռեժիմը փոխելու պատճառով: Մուրմանսկի բանտում վեց տարի ծայրահեղ ծանր պայմաններում անցկացրած դատապարտյալն, ասում է` դժոխքի միջով է անցել, մտածել է, որ հայրենիքում դրական տեղաշարժ կլինի, բայց իզուր:
«Ֆիդայիներ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը վստահ է, որ Արմանի կյանքը վտանգված է: Առաքելյանի վճիռը վերանայելու պահանջով հազարավոր ստորագրություններն, ուղղված ՀՀ վարչապետին եւ նախագահին, մնում են անարձագանք: Սեյրան Չիլինգարյանը չի հասկանում իշխանության մոտեցումը: Նրա խոսքով՝ Արմանին զոհաբերում են, որ հայերի ներսում խեղդեն պայքարի տենչը:
Ադրբեջանցու սպանության համար Ռուսաստանում 18 տարվա ազատազրկման դատապարտված Առաքելյանը չի ափսոսում արածի համար: Ազատման ակնկալիք գործող իշխանությունից չունի:
Վստահեցնում է՝ ադրբեջանցուն սպանել է, որովհետեւ այլ ելք չի եղել: Նա իր սրճարանում հայհոյել է հայերին, կոտրել հայ ազգի հերոսների՝ պատից կախված նկարներն ու ոտնատակ տվել եռագույնը: Արման Առաքելյանն ու նրա ազատության համար պայքարող բազմաթիվ քաղաքացիներ հացադուլի ընթացքում դիմել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը կամ ՔԿՀ-ից՝ ռեժիմը փոխելու հարցով իրավասու մեկը այցելի նրան, բայց ոչ մեկը չի արձագանքել:
Մանրամասնները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։