կարևոր
1183 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-08 20:47

ԱՀ ընդդիմադիր ուժերի մեկնաբանությունը Արցախում ստեղծված իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախում լարվածությունը չի նվազում: Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի բնակիչներին՝ գյուղից հեռանալու վերջնաժամկետ ներկայացվելուն զուգահեռ, դեռեւս չպարզաբանված, անհասկանալի պայմաններում թշնամու հսկողությանն է անցել Մռավի լեռնաշղթայի բազուկներից՝ Սառցասարը, Եղցահողից 4 կմ-ի վրա գտնվող Սարիբաբա լեռը, Լաչինի միջանցքի երկայնքով մի շարք այլ բարձունքներ: Արցախի ընդդիմադիր ուժերը նշում են՝ իրենք անգործության մատնված չեն. իշխանական լծակներ չունենալով՝ փորձում են աշխատացնել Արցախի իշխանություններին:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ վստահեցրել է՝ Լաչինի գործող միջանցքին փոխարինող ճանապարհն էլ գործելու է միջանցքի տրամաբանությամբ. նոր ենթակառուցվածքներ են կառուցվելու:

Արցախի Հանրապետության Աժ պատգամավորներն այս խոսքերը մաիպուլյացիա են որակում. նման բովանդակությամբ ստորագրված ոչ մի փաստաթուղթ չկա: Պատգամավորներն Անվտանգության խորհրդի նիստերին էլ Արցախի իշխանություններից պարզաբանում են պահանջել՝ արդյոք իրավական կարգավորում ստացել է միջանցքի հարցը, բայց հստակեցում չի եղել:

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանն օրեր առաջ հայտնել էր՝ այլընտրանք չունեն, կլքեն գյուղը. ներքին ու արտաքին քաղաքականության մեջ չկա մի մարդ, որ մնալու պարագայում կպաշտպանի իրենց: Ընդդիմադիրներն էլ, ասում են, ամեն ինչ անում են, իրենց հնարավորությունների չափով փորձում են գտնել լուծումներ, որոնք ամենաքիչ ցավոտը կլինեն: Պնդում են՝ խելամիտ լուծումների կարելի է հասնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների հեռանալուց հետո միայն:

Արցախի խորհրդարանի բոլոր՝ 5 խմբակցություններն օրեր առաջ հայտարարությամբ կոչ էին արել տարբեր երկրների խորհրդարաններին եւ միջազգային կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները եւ ռուս խաղաղապահներին հորդորել իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունությունը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։