Մինչեւ որդու մասունքը հուղարկավորելը զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը պարբերաբար երազ էր տեսնում, որդին էր գալիս ու ասում՝ «մամ, մրսում եմ»: Աբովյանի դիահերձարանի նկուղում, հատակին դրված մասունքներից մեկը ըստ փորձաքննության Ժիրայրինն էր:
Բարձրացված աղմուկից հետո մինչեւ օրս որեւէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել.
Փաստաբան Գարիկ Գալիկյանը դատական կարգով վիճարկել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Պահանջել է պարտավորեցնել կատարել քննություն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ժիրայրը Մարգարյանների ընտանիքի ավագ զավակն էր: Նաիրան յոթ դուստր ունի, ովքեր պահանջում են իր իսկ խոսքով՝ առաջվա մամային: Որդու կորստից հետո նա հոգեկան ծանր ապրումների մեջ է:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Վարոսյանի նախագահությամբ հրապարակել է բողոքը մերժելու մասին որոշումը: Այնինչ, եթե այդքան երկար ժամանակ Աբովյանի դիահերձարանի նկուղում պոլիէթիլենային տոպրակներով գետնին նետված չմնային նահատակ զինվորների մարմինները, թերեւս ավելի մեծ լիներ հավանականությունը ճշգրտորեն նույնականացնելու: Այդ դեպքում ավելի մեծ թվով ծնողներ կվերցնեին մասունքները: Մինդեռ այժմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Մեծամորի եւ Հերացու դիահերձարաններում դեռ 86 զինվորի մասունք կա, որոնք հարազատները հրաժարվում են ընդունել, քանի որ վստահ չեն, որ իրենց երեխաներինն են: Պատերազմից մոտ 2 տարի անց անգամ շատ զինվորականների առաջարկած եղբայրական գերեզման ստեղծելու գաղափարն է մնացել առկախված:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում