կարևոր
2014 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-06 21:52

Ադրբեջանական ուժերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնայած Հայաստանի իշխանությունները ՀՅԴ Հայ դատի գործիչների մուտքը հայրենիք խոչընդոտելով, կարծես, ազդակներ են ուղարկում Ադրբեջանին ու  Թուրքիային, Հայ  դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են աշխատել  անխափան: Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անհապաղ իրազեկել է Արցախում իրավիճակի մասին՝ խնդրելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, եւ Ադրբեջանի մասով վերանայել 2023 թ.-ի համար ԱՄՆ արտաքին օժանդակության ֆոնդն ու Ազգային պաշտպանական արտոնությունների ակտը, ինչպես նաեւ վերականգնել 907-րդ բանաձեւի կիրարկումը: Բացի այդ աշխատանք է կատարվել, որպեսզի խնդրին քաջատեղյակ կոնգրեսականներն ու սենատորները եւս արձագանքեն: Ադրբեջանական ագրեսիան դատապարտել եւ Պետդեպարտամենտին ու Յունեսկոյին Ալիեւի սանձարձակ պահվածքին վերջ տալու կոչ է արել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը: Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաեւ կոնգրեսական Ջեքի Սփեյերը՝ ամերիկյան գործադիր իշխանությանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օժանդակությունը:

ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի դեմ ռազմական ճնշման կիրառումը: ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը կոչ է արել Միացյալ Նահանգներին ու դաշնակիցներին դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի վերջին բռնությունները:

Դատապարտման խոսքով հանդես է եկել նաեւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը եւ ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը: Շիֆը գրել է, որ խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի ուղղակի խախտման հետեւանքով եղած զոհերի փաստով: Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հարձակվում է հայկական ուժերի վրա, եւ եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիեւի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի: Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ինքը  բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախին մարդասիրական եւ տնտեսական օգնության համար, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական արգելք սահմանել եւ վերսկսել ԵԱՀԿ-ի միջոցով Մինսկի խմբի ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու համար:

Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման մասին հունիսի 8-ին գրավոր հարց էին ուղղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ընդգծելով ադրբեջանական ագրեսիան: Նրանք հետաքրքրվել էին, թե ինչ է մտադիր անել Եվրամիությունը՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Բորելը Եվրոպական հանձնաժողովի անունից օգոստոսի 3-ին հրապարակած իր պատասխանում մտահոգություն է հայտնել վերջին միջադեպերով եւհետագա էսկալացիայի հնարավորությամբ: Բորելին գրավոր հարցում ուղարկած՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների թվում են Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, Իսաբել Սանթոսը, Մարտին Զոննեբորնը, Լարս Պատրիկ Բերգը, Միրիամ Լեքմանը, Էմմանուել Մաուրելը եւ այլ պատգամավորներ:

Մանրամասները՝ Լիլիթ Մանուկյանի տեսանյութում