կարևոր
4066 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-08-06 17:13

Աղավնոն՝ երազանքի Արիավանը կառուցած նվիրյալները

Աղավնոն՝ երազանքի Արիավանը կառուցած նվիրյալները

2020 թ. տխրահռչակ նոյեմբերին, Ազատության հրապարակում կայացող հանրահավաքներից մեկի ժամանակ մեկը կամացուկ թևս քաշեց։ Հետ նայեցի՝ մի անձնավորություն էր, որի մասին քիչ հետո կասեմ։

Մինչ այդ.

– Ընկեր Վահե, երեկ՝ Քարվաճառի հանձնման օրը, ի~նչ հուզիչ կադրեր էիր արել, Քարվաճառի՝ մեր կառուցած նոր թաղամասը, մեր «Սիդնեյի» շարքով տները, եկող մայիսին հանձնելու էինք բնակիչներին…

Ասաց և ձայնը դողաց, աչքերը լցվեցին և ձեռքը կամացուկ տարավ թաց երեսին։

– Ընկեր Վահե,- քիչ հետո շարունակեց նա,- հուսամ՝ Աղավնոն կփրկվի, հոն ալ խոշոր ներդրում արինք, այդ գեղեցիկ գյուղը հոն ալ մենք կառուցած ենք, նպատակ ունեինք գյուղը գեղեցիկ ավանի վերածել, անունն ալ որոշած էինք՝ Արիավան, 2009-ին մեր կողմից հիմնված ԱՐԻ (ARI «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) – Վ.Ս.) հիմնադրամի անունով, քանզի այդ հիմնադրամի նվիրատուների միջոցով կառուցած ենք այդ գեղեցիկ շենքերը՝ Արցախի կառավարության հետ համատեղ։ Ընկեր Վահե, այս տասը տարիներուն միայն Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բնակֆոնդի և գյուղատնտեսության զարգացման վրա 7 մլն դոլարի ներդրում արինք, ամբողջը ջուրը լցվեց… Հուսամ, հուսամ՝ Աղավնոն կփրկենք և մեր ուզած Արիավանը կդառնա իրականություն…

Կրկին հուզմունք և ծանր մտորումներ…

Այդ անձնավորությունը ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանն էր, մի հզոր անձնավորություն, ով Դաշնակցության Բյուրոյի կողմից լիազորված էր սփյուռքահայ մի շարք նվիրյալների մասնակցությամբ հիմնելու ԱՐԻ հիմնադրամը և իրականացնելու խոշորածավալ ծրագրեր Արցախի ազատագրված շրջաններում։

Գիտեմ՝ շատերը չգիտեն, թե ինչու՞ է Աղավնոն կոչվում նաև երկրորդ անվամբ՝ Արիավան, և ի՞նչ է նշանակում այն։ Գիտեմ՝ շատերը չեն ճանաչում Բենիամին Պչաքճյանին կամ սիրելի ընկեր Բենջոյին՝ այդ Մեծ հային, գիտեմ՝ Դաշնակցությունը նաև այդ պատճառով է բեռ եղել և կա Արցախ-հայրենիքը բեռ համարող լևոնիզմ-նիկոլիզմի համար, բայց… այս տողերը հարկ համարեցի ի պահ տալ պատմությանը։

Ես չգիտեմ կամ, ավելի ճիշտ, գիտեմ, թե այս պահին ինչ են զգում ընկեր Բենջոն ու ԱՐԻ հիմնադրամի այն հարյուրավոր նվիրյալները, ովքեր լսեցին Աղավնոյի դավաճանական հանձնման և իրենց իսկ որոշ հայրենակիցների ձեռամբ գյուղը թալանելու ու ավերելու մղումների մասին։

Գիտեմ, թե ի՞նչ են զգում այդ խոնարհ հերոսները, որոնք շենացրին Աղավնոն, որոնց սրտի երազանքն էր գյուղը վերածել ավանի և անվանակոչել Արիավան, որոնց մեծագույն իղձն էր հայոց արիական շունչը հարատև դարձնել Արիավանում…

Ընկեր Բենջո, վարձքդ կատար, ներիր, որ «Բարի գալուստ Արիավան»՝ քեզ համար սրբազան ցուցանակն օրեր անց պիտի փոխարինվի քոչվոր ցեղերի անվանակոչած Զաբուղով, ներիր, որ դավաճանների խունտային չկարողացանք վռնդել ու փրկել Աղավնոն՝ քո երազանքի Արիավանը…

Վահե Սարգսյան

yerkir.am