կարևոր
2368 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-06 12:58

ԱՄՆ վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևի շրջանցման ազդեցությունը Ադրբեջանին տրամադրվող օգնության վրա

ԱՄՆ վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևի շրջանցման ազդեցությունը Ադրբեջանին տրամադրվող օգնության վրա

Ի՞նչ է իրենից ներկայացնում 907-րդ բանաձևը

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը և մյուս նորանկախ հանրապետությունները կանգնեցին մի շարք խնդիրների առաջ, որոնք ինքնուրույն հաղթահարելը չափազանց դժվար էր փլուզված տնտեսություն և քաղաքական համակարգ ունեցող, ինչպես նաև սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրների համար։ Որպեսզի նման պայմաններում այդ պետությունները ժողովրդավարական կառավարման մոդել որդեգրեին և ազատականացված տնտեսություն կառուցեին, Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատները 1992 թ. հուլիս-օգոստոս ամիսներին ընդունեցին «Ազատության աջակցության ակտը», որը 1992 թ. հոկտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշը ստորագրեց և օրենքի ուժ հաղորդեց դրան : «Ազատության աջակցության ակտի» կարևորությունը հայերի և Հայաստանի համար պայմանավորված էր 907-րդ բանաձևի ներառմամբ։ Վերջինս սահմանում էր, որ «Միացյալ Նահանգները չի կարող այս կամ ցանկացած այլ ակտի շրջանակում օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի պարզել և զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի կիրառման այլ ագրեսիվ ձևերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Իսկ ինչպե՞ս 907-րդ բանաձևը հայտնվեց «Ազատության աջակցության ակտում»: Այս հարցում մեծ դեր խաղացին ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունները և հայ համայնքը։ Այսպես՝ Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով Սենատում հենց ակտի ընդունման օրը դեմոկրատ սենատոր Ջոն Քերին առաջադրեց 907-րդ բանաձևը որպես «Ազատության աջակցության ակտի» լրացում, որն ակտի հետ մեկտեղ ընդունվեց նույն օրը Սենատում։ Բանաձևի հապճեպ ընդունումը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ի համար կարևոր էր հնարավորինս արագ ընդունել մի ակտ, որը նախատեսում էր նորանկախ պետություններին օգնության տրամադրում, ինչից և օգտվեցին հայ լոբբիստները։ 907-րդ բանաձևը ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, որը գործեց շուրջ 10 տարի՝ խոչընդոտելով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, քանի որ դրա առկայության պայմաններում Ադրբեջանը միակ նորանկախ պետությունն էր, որ ԱՄՆ-ից ուղիղ օգնություն չէր ստանում։
Իրավիճակը փոխվեց 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ Միացյալ Նահանգները ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի քաղաքականություն որդեգրեց։ Նման պայմաններում 907-րդ բանաձևը արգելում էր Միացյալ Նահանգներին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ աջակցելու Աֆղանստանում իրենց հակաահաբեկչական պայքարին։ Ուստի սա է պատճառը, որ 2001 թ. հոկտեմբերի 24-ին Սենատն ընդունեց օտարերկրյա հատկացումների 2002 թ. ակտը, որը հնարավորություն տվեց ԱՄՆ նախագահին յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցելու 907-րդ բանաձևը՝ ռազմական օգնություն տրամադրելու Ադրբեջանին ազգային անվտանգությանը սպառնացող ուղղակի վտանգի առկայության հիմքով, այն դեպքում, եթե՝

1) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար,
2) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ զինված ուժերին կամ կոալիցիոն գործընկերներին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար,
3) կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար,
4) չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:

Առաջին անգամ 907-րդ բանաձևը շրջանցեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը 2002 թ. հունվարի 25-ին՝ այդպիսով վերացնելով ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը օգնության տրամադրման արգելքը:

Հետաքրքրական է, որ 907-րդ բանաձևի առնչությամբ ԱՄՆ-ում հայկական երկու խոշորագույն լոբբիստական կազմակերպությունները տարաձայնություններ ունեին։ Եթե նախկինում երկուսն էլ պայքարում էին հնարավոր շրջանցման դեմ, ապա Սենատի կողմից օտարերկրյա հատկացումների 2002 թ. ակտի ընդունումից հետո հանդես եկան տարբեր դիրքորոշումներով։ Այսպես՝ Հայ դատի հանձնախումբը դեմ էր բանաձևի շրջանցմանը՝ համարելով, որ այն ԱՄՆ նախագահին տալիս է «գրեթե անսահմանափակ իշխանություն՝ ռազմական օգնություն տրամադրելու Ադրբեջանին» ։ Իր հայտարարության մեջ Հայ դատը նշում էր. «….ծայրաստիճան հիասթափված ենք այս երեկո Սենատի քվեարկությունից և կշարունակենք օրենսդիր գործընթացում մեր ջանքերն ուղղել ցույց տալու Կոնգրեսի անդամներին 907-րդ բանաձևի թուլացման բացասական ազդեցությունը Կովկասում ԱՄՆ շահերի վրա» : Իսկ Ամերիկայի հայկական համագումարը դա որակեց «հաղթանակ Հայաստանի համար»: Իր հայտարարության մեջ կառույցը ողջունում էր «սենատոր Մակքոնելի և վարչակազմի ջանքերը՝ 907-րդ բանաձևի հարցում շրջանցման սահմանափակ և հավասարակշռված եղանակ գտնելու կապակցությամբ, որը պաշտպանում է Հայաստանի և Ղարաբաղի լեգիտիմ անվտանգային շահերը՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ նախագահ Բուշն ունենա գործիքներ՝ պայքարելու համաշխարհային ահաբեկչության դեմ»։ Այստեղ խոսքը նաև այն մասին էր, որ Մակքոնելն առաջարկել էր ներառել նաև դրույթ, որը նախատեսում էր Հայաստանին տրամադրել 4 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն և ևս 600 հազար ԱՄՆ դոլար՝ միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման համար։ Համագումարի նման դիրքորոշումը պայմանավորված էր նրանով, որ վերջինս գիտակցում էր, որ ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո բանաձևի շրջանցումը հանրային մեծ աջակցություն էր վայելում, և Սպիտակ տան նախաձեռնության կասեցումն արդեն անհնարին էր։ Ուստի «Հայաստանի և Ղարաբաղի համար հնարավոր լավագույն արդյունքն ապահովելու համար [համագումարը] սատարել է 907-րդ բանաձևի հավասարակշռված և սահմանափակ շրջանցումը….»:

Ամերիկայի հայկական համագումարի նման դիրքորոշումը զարմանալի չէր, քանի որ 907-րդ բանաձևի շրջանցումը թույլ կտար ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել նաև Հայաստանին։ Այդ բանաձևը խոչընդոտում էր ռազմական օգնության տրամադրումը նաև Հայաստանին՝ արտացոլելով ԱՄՆ-ի, այսպես կոչված, «անկողմնակալության» քաղաքականությունը, որը, սակայն, չպահպանվեց Հայաստանի դեպքում, քանի որ վերջինս սկսեց ստանալ զգալիորեն ավելի փոքր օգնություն, քան Ադրբեջանը :

907-րդ բանաձևի շրջանցումից հետո Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը

2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները հնարավորություն տվեցին ԱՄՆ վարչակազմին հեշտությամբ շրջանցելու 907-րդ բանաձևը, որից հետո Ադրբեջանը դարձավ ԱՄՆ-ի կողմից զգալի ռազմական օգնություն ստացող պետություն։ Ջորջ Բուշ կրտսերից հետո յուրաքանչյուր ֆիսկալ տարի ԱՄՆ վարչակազմերը շրջանցում են 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրում Ադրբեջանին։ Այն զգալի գումար է կազմում. 2001 թվականից ի վեր Ադրբեջանը ստացել է շուրջ 419 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։ Այդ գումարը տրվել է անվտանգության ոլորտին վերաբերող 20-ից ավելի ծրագրերի միջոցով։ Դրանցից առավել խոշորներից է «Սպառնալիքի համագործակցային նվազեցում» ծրագիրը (մոտ 146 մլն ԱՄՆ դոլար), որը նպատակ ունի կանխելու զանգվածային ոչնչացման զենքի և դրա հետ կապված ենթակառուցվածքների տարածման սպառնալիք ներկայացնող երկրներում։ Ինչ վերաբերում է ամերիկյան ռազմական արտադրանքի (defence article) և ծառայությունների ձեռքբերմանն Ադրբեջանի կողմից, այն իրականացվում է «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» ծրագրի (51 մլն ԱՄՆ դոլար) շրջանակում տրամադրվող վարկերի և դրամաշնորհների միջոցով։ Մեկ այլ ծրագիր էլ ուղղված է զենքի տարածումը կանխելու, հակաահաբեկչության, ականազերծման և դրանց հետ կապված աշխատանքների իրականացմանը, որոնց համար ԱՄՆ-ն տրամադրել է մոտ 39 մլն ԱՄՆ դոլարի օգնություն :

2018-2019 թթ. տրամադրված օգնության առյուծի բաժինը (101.5 մլն դոլար) ընկել է 333-րդ բանաձևին՝ «Գործընկեր պետության հզորությունների զարգացման» ծրագրին: Վերջինս դեռևս 2006 թվականից գործող «Համաշխարհային վերապատրաստում և սպառազինում» ծրագրի ընդլայնված տարբերակն է, որը ներառում է նաև հակաահաբեկչական, ծովային և սահմանային անվտանգության, ռազմահետախուզական օպերացիաների իրականացում և համաշխարհային կոալիցիոն օպերացիաներին աջակցող գործունեության իրականացումը : Հատկանշական է, որ հենց այս ծրագիրն է խախտում ԱՄՆ-ի որդեգրած «անկողմնակալության» քաղաքականությունը և Ադրբեջանին Հայաստանից զգալիորեն ավելի խոշոր ռազմական աջակցություն տրամադրում. այս տարիների ընթացքում նույն ժամանակահատվածի համար Ադրբեջանը ստացել է 419 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, Հայաստանը՝ մոտ 189 մլն ԱՄՆ դոլարի:

Հատկապես անհանգստացնող են այն ծրագրերը, որոնց շրջանակներում ռազմական ոլորտի ադրբեջանցի մասնագետները վերապատրաստվում կամ կրթություն են ստանում ԱՄՆ-ի առաջատար ռազմական կրթական հաստատություններում։ Դրանցից խոշորագույններն են «Միջազգային ռազմական կրթություն և վերապատրաստում» ծրագիրը և «Ահաբեկչության դեմ պայքարի կրթաթոշակային ծրագիրը»:

Չնայած այն հանգամանքին, որ 907-րդ բանաձևի շրջանցման պայմաններից մեկն այն է, որ Ադրբեջանին տրամադրվելիք ցանկացած օգնությունը չպետք է «խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և …. օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով», այնուամենայնիվ, 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ եղան ապացույցներ, որ ամերիկյան ռազմական օգնությունն օգտագործվում է Հայաստանի դեմ։ Այսպես՝ ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաներ, որոնք սպանվեցին Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ժամանակ, ուսանել էին ԱՄՆ-ում Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության շրջանակներում։ Մեկը փոխգնդապետ Մուրադ Միրզաևն էր, ով ուսանել էր Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի ռազմական լեզվաբանական ինստիտուտում և մասնակցել Վիրջինիայի ռազմածովային ուժերի սպայական հատուկ դասընթացներին, մյուսը՝ փոխգնդապետ Վուգար Յուսիֆովը, ով ուսանել էր Արիզոնա նահանգի ռազմական հետախուզության կենտրոնում։ Սա, ըստ էության, 907-րդ բանաձևի կոպիտ խախտում է ադրբեջանական իշխանությունների կողմից:

907-րդ բանաձևը և Բայդենի վարչակազմը

2020 թ. արցախյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավ էր ընթանում, և նախագահի թեկնածուները չէին կարող ուշադրություն չդարձնել պատերազմին՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգներում հայկական մեծ համայնքը և նրա ձայների կարևորությունը նախագահական ընտրություններում: Այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդես եկավ մի շարք հայտարարություններով պատերազմի վերաբերյալ և, որն առավել կարևոր է, նշեց, որ ԱՄՆ վարչակազմը պետք է ամբողջությամբ կիրառի, այլ ոչ թե շրջանցի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը՝ դադարեցնելու համար ռազմամթերքի հոսքը Ադրբեջան» : Դեռ ավելին՝ Ջո Բայդենի՝ նախագահ ընտրվելուց հետո՝ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենի՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, սենատոր Մենենդեզը բարձրաձայնեց 907-րդ բանաձևի խնդիրը։ Ի պատասխան՝ Բլինկենը նշեց, որ «եթե հանգամանքները թույլ տան, Բայդեն-Հարիս վարչակազմը պատրաստ է այլևս չշրջանցելու «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը»:

Այս հայտարարությունները դիտարկվեցին որպես ազդակ, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենը հնարավոր է չշրջանցի 907-րդ բանաձևը։ ԱՄՆ-ում հայ համայնքն ու հայ լոբբիստները սկսեցին ակտիվորեն պայքարել, որ 907-րդ բանաձևը ուժի մեջ մնա և չշրջանցվի Բայդենի վարչակազմի կողմից։ Միևնույն ժամանակ ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ ակտիվ քայլեր չձեռնարկվեցին։ ԱՄՆ-ի իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում 907-րդ բանաձևի վերագործարկման հարցը պաշտոնապես չի բարձրաձայնվել ՀՀ իշխանությունների կողմից։ Միայն հայ լոբբիստների ջանքերը այս ուղղությամբ բավարար չեն, անհրաժեշտ է նաև այս խնդրի շուրջ աշխատանք պետական մակարդակով։ Ի վերջո, 907-րդ բանաձևը շրջանցվեց ինչպես 2021 թ. , այնպես էլ 2022 թ.:

Այսպիսով՝ 907-րդ բանաձևը եղել է ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ հաղթանակներից մեկը՝ գործելով շուրջ 10 տարի։ 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերը հնարավորություն տվեցին Բուշի և հաջորդ վարչակազմերին ամեն տարի շրջանցելու 907-րդ բանաձևը։ Ադրբեջանական կողմը ձգտում է ընդհանրապես բանաձևի վերացմանը, բայց դա բարդ գործընթաց է, ուստի դրա ուժը չեզոքացվում է շրջանցումների միջոցով։ Մյուս կողմից՝ հայ լոբբիստների և պետական ռեսուրսի հմուտ, ակտիվ և արդյունավետ համատեղ աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել 907-րդ բանաձևի վերանայմանը հատկապես Բայդենի վարչակազմի օրոք։ Եվ եթե Հայաստանը կարողանա ապացուցել Միացյալ Նահանգներին, որ 907-րդ բանաձևի շրջանցմամբ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունն օգտագործվել է իր դեմ, դա կարևոր գործոն կարող է լինել վերանայման գործընթաց սկսելու համար։

«Դրօշակ» թիվ 7 (1668), 2022թ․