կարևոր
1198 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-08-05 21:57

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարները ոչ արդյունավետ են ծախսվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համավարակը կանխելու համար Առողջապահության նախարարությանը հատկացված 26 մլրդ 492 մլն դրամը նպատակային եւ  արդյունավետ չի օգտագործվել. բացահայտել է հաշվեքննիչ պալատը: Պահեստների շարժի համադրման արդյունքում, օրինակ, արձանագրվել է 6 մլրդ 990 մլն դրամի անհամապատասխանություն:  Նախարարությունը չի պահպանել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները: Գլխավոր դատախազությունը Քովիդի ընթացքում հյուրանոցներում մեկուսացած անձանց սննդի մատակարարման ոլորտում 23 մլն դրամի չարաշահումներ հայտնաբերեց:

Չարաշահման տարիներին առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր: Բացահայտվեց, որ Առողջապահության նախարարությունը չի իրականացրել համավարակի կանխարգելման ռազմավարական կառավարման աշխատանքներ: Կատարված աշխատանքների հստակ վերլուծություն չկա՝ ասում է առողջապահության մասնագետը: Եղել են արգելանքներ, քաղաքացիները ստիպված ամեն օր դիմակ  են կրել, ինչն իր հերթին վտանգավոր էր:

Կասկած առաջացրեց նաեւ պատվաստանյութի որակը. անգամ բժիշկները չէին վստահում ու խորհուրդ չէին տալիս պատվաստվել՝ հիշեցնում է Անուշ Պողոսյանը: «Առողջապահական իրավունք» կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը նկատում է. վերջին տարիներին վարակիչ հիվանդությունները նահանջել էին ու քովիդ 19-ը ներմուծվեց մեր կյանք:

Քովիդը նորից ակտիվացել է. վարակվածությունն արդեն 25 տոկոսի սահմանում է: Պարադոքսը, սակայն, այն է, որ եթե նախկինում շատ ավելի ցածր տոկոսով վարակի պայմաններում դադարեցվեց մարդկանց տեղաշարժն ու փակվեցին աշխատատեղերը, այժմ որեւէ միջոցառում չի արվում: Առողջապահության մասնագետներին սա եւս կասկածի առիթ է տալիս:

Չարաշահումների մեղքը Առողջապահության նախարարությունը գցում է Էկոնոմիկայի նախարարության վրա, Էկոնոմիկայինը՝ Առողջապահության: Գլխավոր դատախազությունը փորձում է գլուխ հանել:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։