կարևոր
1516 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-08-05 21:51

ԵՊՀ-ն մերժել է Գեղամ Մանուկյանի որդուն քննությունները հեռավար հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին ԵՊՀ ռեկտորն արգելել է հեռավար հանձնել արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախորդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր: Տարոն Մանուկյանի հայրը՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր գրավոր դիմել համալսարան՝ քննության թույլտվություն ստանալու համար, բայց անակնկալ մերժում էր ստացել: Ռեկտորատը գրավոր պատճառաբանել էր, թե նման կարգ չունեն:

Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Տարոն Մանուկյանի մեղքն ապացուցված չէ, և անգամ այս պարագայում նա զրկված է օգտվելու իր կրթական իրավունքից: Սեպտեմբերի 13-ից 22-ը՝ քննությունների վերջին երրորդ փուլին էլ մասնակցության հնարավորություն չունենալու պարագայում Տարոն Մանուկյանը կարող է դուրս մնալ բուհից:

Անգամ ցմահ դատապարտվածներից ոմանք հնարավորություն են ունեցել բանտից կրթություն ստանալու: Մհեր Ենոքյանի դեպքը հայտնի է. 22 տարի անազատության մեջ գտնվելով՝ 4 տարի առաջ ավարտեց հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության բաժինը: Եղել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկից Գեղարվեստի ակադեմիա ընդունված ուսանողի համար հատուկ հավաքել են ավարտական  հանձնաժողով, որպեսզի միայն ինքը իրեն հարմար ժամանակ պետական քննություն հանձնի: Արամ Վարդևանյանը, հիշատակելով նմանատիպ դեպքեր, երբ արդեն մեղքն ապացուցված լինելու պարագայում բանտարկյալը սովորել է ու ավարտել բարձրագույն հաստատությունը, ընդգծում է՝ Տարոն Մանուկյանի դեպքը բացահայտ քաղաքական հետապնդում է:

Վարդևանյանն ընգծում է՝ խախտելով մարդու անձնական ազատության իրավունքը՝ խախտել նաեւ կրթության իրավունքը, էժանագին մոտեցում է:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։