«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքի» հետ զրույցում Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն այսկերպ նկարագրեց վերջին օրերին արցախյան սահմաններին տեղի ունեցած հերթական սրացումները.
- Այս լարվածության հիմնական նպատակը մեկն է` հայաթափել Արցախն ամբողջությամբ: Նրանք դա անում են ամենատարբեր պատճառներով: Հիմա էլ ճանապարհի հարցն են դրել, թե իբր մենք պատրաստ ենք, իսկ Ձեր պատրաստ լինել-չլինելը մեզ համար կարեւոր չի: Ադրբեջանը շարունակում է վերջնագրերով խոսել: Բայց սա մեզ համար նորություն չէ. Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն՝ հետեւողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները: Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի եւ վիրավորների առկայությունը մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է: Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ:
- Իսկ ի՞նչ սպասենք միջազգային հանրություն ասվածից:
- 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը, եւ այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման: Դրա պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները:
Հատկանշական է, որ Ադրբեջանը այս քայլով փորձում է նաեւ աշխարհաքաղաքական հարցեր լուծել, այդ թվում` ստվեր գցել ռուսական խաղաղապահ առաքելության վրա եւ այդ համատեքստում նոր պահանջներ ներկայացնել: Այս ամենով հանդերձ, չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: Պարզապես Ադրբեջանը տարբեր հանդիպումներից, պահանջներ ներկայացնելուց առաջ նմանատիպ սադրանքներ է գործում` ուժի սպառնալիքի տակ որոշակի հարցեր առաջ բերելու եւ իրենց լուծումները տալու համար:
- Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված մասնակի զորահավաքը:
- Մասնակի զորահավաքը կապված է շփման գծում լարվածության հետ, որեւէ խուճապ չկա: Այս պահին էլ ռուս խաղաղապահների շնորհիվ որեւէ մարտական գործողություն չկա:
- Իսկ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչների մասով որեւէ քաղաքական որոշում կա՞:
- Այս պահին չեմ կարող ասել, դեռեւս քննարկումների ընթացքում ենք:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նկատեց.
- Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել, նույն նպատակներն ու ծրագրերն ունի: Շատ սառնասրտորեն պետք է մոտենանք այդ ամենին: Պետք է հեռու մնանք դեմագոգներից, շահարկումներից: Դժբախտաբար, մենք կրկին տեսնում ենք շահարկումներ տարբեր սոցիալական ցանցերում, սուտ հայրենասերների մի մեծ բանակ է կրկին ձեւավորվում, սկսում են տարբեր բաներ գրել, ինչն անթույլատրելի է:
Պետք է հասկանալ, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել: Լինենք շատ զուսպ եւ դեմագոգներից հնարավորինս հեռու:
Մենք զրուցեցինք նաեւ Բերձորի եւ Աղավնոյի գյուղապետերի հետ։
«Կոնկրետ Բերձորում եւ Աղավնոյում մարտեր չեն ընթացել, ամեն ինչ դիրքերում է: Կրակոցների ձայները Բերձոր հասնում են, բայց բերձորցիները մարտական են տրամադրված, ճանապարհը անցանելի է, մարդիկ էլ իրենց առօրյա հոգսերով են զբաղված: Ինչ խոսք, լարվածությունը ազդում է մեզ վրա, բայց մենք պատերազմներ տեսած մարդիկ ենք, մի երկու կրակոցից չենք թողելու տուն-տեղ փախնենք»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով առկա իրավիճակին, ասաց Բերձորի համայնքապետ Մուշեղ Ալավերդյանը:
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն էլ նկատում է. «Աղավնոն առհասարակ այս պահին թիրախում չէ, ամեն բան Բերձորի շուրջ է այս պահին: Մենք էլ ամուր կանգնած ենք, թուրքի դուդուկի տակ չենք պարելու: Աստված առաջ, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասում է գյուղապետը։
Ի դեպ, երեկ Բերձորի մի քանի բնակիչներ փորձել են հեռանալ, տեսնելով, թե ինչ վիճակ է, բայց նրանց կանգնեցրել են ռուս խաղաղապահները` ասելով, որ իրենք «գարանտ» են, եւ տեղահանվելու կարիք այս պահին չկա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։