Ի՞նչը հանգեցրեց, որ մեր երկրի իշխանություններին խաղաղության դարաշրջան խոստացած Ադրբեջանը նորից սադրանքների ու զենքի դիմեց: Երեւանն էլ, Բաքուն էլ տարբեր կերպ են մեկնաբանում կատարվածն ու հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը: Ավելին, հայ գերիներին մինչ օրս չվերադարձրած երկրի արտգործնախարարությունն իր գործողություններն արդարացնում է՝ Հայաստանին մեղադրելով պարտավորությունները չկատարելու համար:
Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիային վերաբերող հայտարարությունում անգամ Հայաստանի արտգործնախարարությունը վերահաստատում է՝ հավատարիմ են խաղաղության օրակարգին: Միայն թե զգուշացնում է՝ Բաքուն ուզում է միակողմանիորեն փոփոխել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը: Մինչդեռ, Լաչինի միջանցքով անցնող երթուղին, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ, կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն:
Ամեն դեպքում, ի՞նչ է ասվում եռակողմ հայտարարությունում Հայաստանն Արցախին կապող դեռեւս միակ միջանցքի մասին: Իրականում, փաստաթուղթը մինչեւ 2023թ. նոյեմբերի 9-ը ժամանակ է տալիս մեր երկրին՝ հաստատելու Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո էլ ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ պաշտպանելու համար այդ երթուղին: Սակայն կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է նոր երթուղու հարցը՝ պնդելով թե՝ քանի որ ավարտել է դրա կառուցման աշխատանքները, ապա գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը:
Մեր եւ Արցախի կապը երաշխավորող Լաչինի միջանցքը թերեւս մինչեւ այս տարեվերջ շրջանցել չի լինի: Այլընտանքայինը՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհը մինչեւ գարուն պատրաստ կլինի:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։