կարևոր
1321 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-08-04 13:28

Աստծուց վախեցեք, ես ափսոսում եմ, որ պետությունը Ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը. Էրիկ Ալեքսանյանը՝ Մնացական Մարտիրոսյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստին չի մասնակցում Աղվան Հովսեփյանը՝ վատ առողջական վիճակի պատճառով, պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին։

Նշենք, որ դատարանն ավելի վաղ հրատապ նիստ էր հրավիրել՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկելու համար, սակայն մերժել է գրավի միջնորդությունը։ Ընդ որում, թեև դատախազները բարձրաձայնել էին հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին, դատարանը մերժել էր գրավի կիրառումը՝ առանց նշանակելու փորձաքննություն։ Արդյունքում՝ պաշտպանության կողմը նոր միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը բավարարվել է։ Անցել է շուրջ մեկ ամիս, սակայն փորձաքննությունը դեռ չի սկսվել։

Դատաբժշկական փորձաքննության նշանակումից հետո Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել, իսկ ինսուլինային կախվածությունը՝ 106 միավոր է։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր ներկայացրեց նոր միջնորդության հիմքերը, ի հայտ եկած նոր հանգամանքները՝ նշելով, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունների ախտորոշումները, նոր հիվանդության առկայությունը։ Պաշտպանն արձանագրեց, որ Աղվան Հովսեփյանին կալանքից չազատելը՝ առկա հիվանդությունների պայմաններում՝ խոշտանգում և անմարդկային վերաբերմունք է։

Պաշտպանը պնդեց՝ խափանման միջոցի փոփոխման հարցը պետք է քննարկվի մինչև համապատասխան եզրակացության ստացումը, հակառակ պարագայում՝ դա կարող է լինել ժամանակավրեպ, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքի։ Պաշտպանը միջնորդեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Սակայի դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը թողեց առանց քննության՝ պատճառաբանելով, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի ստացվել։ Խափանման միջոցի փոփոխման միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշումից հետո պաշտպան Երեմ Սարգսյանն անմիջապես հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում։ Փաստաբանի արձանագրմամբ՝ եթե բժիշկն ասում է, որ կյանքին վտանգ է սպառնում, դատավորը պետք է ընդունի, առողջական վիճակի վատթարացումը նոր հանգամանք է; Փաստաբանի պնդումների ընթացքում նախագահողը նշեց, թե ինքն իր աշխատանքն է կատարում, ինչին արձագանքելով Սարգսյանը նշեց՝ օրենքին հակասելով է կատարում։ Պաշտպանն արձանագրեց՝ վստահություն չունեն, որ դատավորը սույն գործով անձնական վատ վերաբերմունք չունի, կաշկանդվածություն չունի, որ չի ցանկանում նույնիսկ քննարկել խափանման միջոցի հարցը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միացավ ինքնաբացարկի միջնորդությանը՝ հայտարարելով, որ տպավորություն է, որ դատարանը նույնիսկ չէր էլ լսում իր կողմից ներկայացվող միջնորդությունը։ Նա հորդորեց դատավորին՝ վախենալ Աստծուց։

«Աստծուց վախեցեք, ես ափսոսում եմ, որ պետությունը Ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ դուրս գալով դատական նիստերի դահլիճից․ «Ես Ձեր թույլ տվությունը չեմ հարցնում, ես Ձեզ համարում եմ որպես ֆիզիկական միավոր»։
Դատարանը սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ։ Վրեժ Մարկոսյանի պաշտպան Հունան Բաբայանն էլ, միանալով ինքնաբացարկի միջնորդությանը, արձանագրեց՝ դատարանը կամայական է մեկնաբանել օրենքի նորմը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: