Սփյուռքահայ 3 դաշնակցականի մուտքը հայրենիք արգելեցին, բայց ՀՅԴ երիտասարդականի շատ անդամների հաջողվել է մտնել Հայաստան: Այս օրերին տարբեր մարզերում նրանք կամավորական աշխատանքի են․ կրթում են իրենցից փոքրերին: Ծիլա Մարգեյանը, որը եկել է Շվեդիայից, սպասում էր իր ընկերներից՝ Սյունե Աբրահամյանին, որի առջեւ Հայաստանի իշխանությունները փակել են հայրենիքի դռները:
«Միայն Նիկոլն ու Ալիեւն ունեն հայերի սեւ ցուցակ», «Անցանկալին Հայաստանի ներկա իշխանություններն են», «Հայերի առաջ երկիր փակող, թուրքի առաջ բացող դավաճան». այս գրությունները ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների պաստառներին էր գրված: Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց նրանք բողոքում են Հայաստանի մուտքը սփյուռքահայ գործիչների առջեւ ապօրինի փակելու դեմ:
Փաշինյանի գրասենյակից պատճառաբանում են, որ Մուրադ Փափազյանին արգելել են մտնել Հայաստան, քանի որ, իբր, նա էր կազմակերպել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան մոտ վարչապետի շարասյան վրա հարձակումը: Մուրադ Փափազյանն, իհարկե, հերքում է այս զրպարտությունը: Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իշխող թիմի այս գործելաոճը մեկնաբանում է ասելով՝ «Իշխանությունները Փաշինյանին նույնացնում են սրբության հետ, որի դեմ բողոքելը անթույլատրելի է»:
Արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջը մեկն է՝ չկատարել թուրքի հանձնարարականն ու սեպ չխրել Հայաստան-Սփյուռք միասնության մեջ: Ելույթներից հետո արտգործնախարարության շենքի դիմաց են թողնում ոչ թե սփյուռքահայերի, այլ Փաշինյանի իշխանության անցանկալի լինելու ուղերձով պաստառները:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։