կարևոր
1936 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-03 09:20

Փաշինյանի հետ մենք լրիվ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերյալ

Փաշինյանի հետ մենք լրիվ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերյալ

«Թիրախավորելով հայ դատի պաշտպաններին, ովքեր գործում են սփյուռքում հօգուտ Հայաստանի և Արցախի՝ Հայաստանի կառավարությունը պաշտպանում է Անկարայի և Բաքվի շահերը։ Այս անջրպետը ստեղծելով Սփյուռքի և Հայաստանի միջև՝ Փաշինյանը թուլացնում է Սփյուռքն ու Հայաստանը: Մենք այսօր գիտենք, որ Հայաստանի հետ կապված Փաշինյանի ծրագրերը կթուլացնեն երկիրը՝ այն թուրքական վերահսկողության տակ դնելով։ Փաշինյանը համաձայնել է նաև Արցախը զիջել Ադրբեջանին: Այս համատեքստում է, որ նա որոշեց պատերազմել Սփյուռքի դեմ, որը նվիրված է հայկական դատի, Հայաստանի և Արցախի պաշտպանությանը: Փաշինյանի հետ մենք լրիվ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերյալ»,-այս մասին Հրապարակի հետ զրույցում ասաց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Փափազյանն ասում է. «Մենք կողմ ենք Հայաստան-Սփյուռք միությանը: Սակայն Փաշինյանը ցանկանում է Հայաստանը տարանջատել Սփյուռքից, իսկ մենք՝ հզորացնել Սփյուռքն ու Հայաստանը, նա ցանկանում է թուլացնել Սփյուռքն ու Հայաստանը, իսկ մենք՝Հայաստանի ապագայի հավակնոտ տեսլական ունենք, ինքն ինքնություն չունեցող Հայաստան է ուզում, իսկ մենք՝ ազատ և ժողովրդավար Հայաստան, նա ցանկանում է Հայաստանում ավտորիտար ռեժիմ հաստատել, ուզում է Սփյուռքում, Հայաստանում իր ռեժիմը հաստատել, որպեսզի իր ծրագիրը իրականացնի՝ Հայաստանը թուրքական և ադրբեջանական տնտեսությունների տիրապետության տակ: Դրա համար էլ արագացնում է հայ-թուրքական հարաբերությունները։

Փաշինյանը ընդունելու է Անկարայի պայմանները՝ սկզբում՝ Թուրքիայի ներկայիս սահմաններն է ճանաչելու, հետո՝ Ադրբեջանում Արցախի հետ Ադրբեջանի սահմաններն է ճանաչելու, հետո՝ հրաժարվելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակցիայից: Փաշինյանն ուժեղ է՝ հայերին ուրանալու և արտաքսելու հարցում, նա ուժեղ է հակառակորդներին բանտարկելու հարցում, սակայն՝ թույլ է հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում:

Եկել է ժամանակը արթնանալու, հրաժարվելու այս նախագծից, որը հավասարազոր է հայ ժողովրդի ինքնասպանությանը։

Ամենադժբախտը լինելու են Հայաստանի հայերը, ովքեր հայտնվելու են Թուրքիայի և նրա արդյունաբերության տնտեսական, հետևաբար՝ քաղաքական տիրապետության տակ։ Ընկերներիս հետ, մենք կազմակերպում ենք՝ պաշտպանվելու, և աշխարհին ապացուցելու, թե ինչ է անում Փաշինյանը Հայաստանի հետ»։

Նարինե Ղուկասյան