ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանավորված: Փաստաբան Բենիկ Գալստյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելիս նշեց, որ Վարդանյանը ընտանիքի միակ կերակրողն է, ունի տարեց ծնողներ, մանկահասակ երկու երեխա եւ հաշմանդամ եղբայր: Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց թե՛ ԱԺ չորս պատգամավորի երաշխավարությունը, թե՛ 3 միլիոն 100 հազար դրամ գրավի կիրառմամբ Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությունը:
Մեղադրյալները եւ նրանց շահերի պաշտպանները պահանջեցին ուսումնասիրել 9 հատորանոց գործն ամբողջությամբ, անգամ ծանուցագրերը:
«Կատարվածը խայտառակություն է»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: Նա նշում է, որ այսօր պետք է անհեթեթ գործը կարճելու հարց քննարկվեր, ոչ թե խափանման միջոցի փոփոխման:
Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանն ու Գերասիմ Վարդանյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի միջադեպով հարուցված քրեական գործով: Գերասիմ Վարդանյանը կալանավորված է այս տարվա մայիսի 12-ից:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։