կարևոր
1789 դիտում, 10 ամիս առաջ - 2022-08-02 23:54

Եթե Բերձորի ճանապարհը թշնամին է սարքում մեզ համար, պարզ չէ՞, որ իրեն է ձեռնտու. Մարտակերտի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բահն ուսած մարտակերտցիները տնամերձ հողամասերից շատ հեռու չեն գնում: 5000 հա-ից ավելի վարելահողերը անմշակ լքված են: Արամ Տեփնանցը, որին ադրբեջանցի դիպուկահարը սպանեց տրակտորի մեջ, ռուս խաղաղապահի կողքին նստած, հերկ անելիս, հենց իրենց համաքաղաքացին էր:

Ռուսները, փոխարենը, Մարտակերտի կենտրոնական փողոցներով  վեր ու վար են շարժվում օրվա բոլոր ժամերին: Այստեղ խաղաղապահները սնվում են. հիմնականում միեւնույն տեղերում, իրենց համար վստահելի սննդի կետերում, կամ էլ առեւտուր են անում սուպերմարկետներից: Նրանց ներկայությամբ ժողովուրդը պաշտպանված է զգում, բայց ասում են՝ չպետք է բանը դրան հասներ:

Վերջին պատերազմն էլ ճիշտ չղեկավարվեց, ասում է Մարտակերտի բնակիչը, կարելի է ասել՝ ընդհանրապես չղեկավարվեց: Ժորա Առաքելյանը 1960-ականներից է Արցախյան շարժման առաջամարտիկներից: 44-օրյային էլ տղան է վիրավորվել, բուժվել, հիմա նորից զինծառայության է: Ասում է՝ իրեն գրկել է ու ասել՝ ներիր, չկարողացանք ձեր հաղթանակները պահել:

Հիմա դեպի Մարտակերտ ճանապարհի մի հատվածով հայերի հետ նաեւ ադրբեջանցիներն են տեղաշարժվում. Խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյունը գնում է դեպի Մատաղիս, դուրս գալիս Քարվաճառ:

Լաչինի միջանցքն Ադրբեջանին տալու, փոխարենը նոր ճանապարհ սարքելու ընթացքին մի տեսակ չհավատալով են հետեւում:

Արցախն Ադրբեջանի կազմը հրելու, արցախցիների՝ ադրբեջանցիների մեջ ապրելու՝ Երեւանից ուրվագծվող հեռանկարը ձեռքը զենքին տանելու արձագանք է առաջացնում:

Հայաստանի Հանրապետությունից պայմանագրայինների՝ սպասում են:

Մարտակերտցին շատը՝ աշխատատեղի կարիք ունի: 90-ականներից լքված շատ բնակարաններում նոր ընտանիքների են տեղավորել վերջին պատերազմից հետո: Բնակարաններ էլ կան, որ դատարկ են, բայց արտագաղթած սեփականատերը չի հրաժարվում: Համահայկական խաղերը կամ նման այլ ծրագրեր երբեմն աշխուժացնում են մարտակերտցի պատանիների առօրյան: Բայց  Մանկապատանեկան մարզադպրոցն, օրինակ, այս վիճակում է:

44-օրյայի կրակոցների ձայները փորձում են չհիշել: Մտածում են՝ էլ չեն լսի:

Մանրամասները՝ Աննա Բալյանի տեսանյութում։