կարևոր
1309 դիտում, 2 ամիս առաջ - 2022-08-02 14:50

Ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու աղետաբեր քաղաքականությունը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

Ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու աղետաբեր քաղաքականությունը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

Այսօր, երբ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը առավել քան երբևէ համախմբվելու և մեր պետականությանն ու Հայրենիքին նետված օրհասական, անվտանգային և գոյութենական սպառնալիքները համահայկական ներուժով կանխելու մարտահրավերի առջև են կանգնած, ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու և ազգային դիմադրողականությունը գիտակցված և ծրագրավորված թուլացնելու աղետաբեր քաղաքականությունը։

Թիրախում Դաշնակցության համազգային կառույցն է, Հայոց պետականության հիմնադիր քաղաքական ուժը, որի պատմության յուրաքանչյուր էջը հայ ժողովրդին և մեր ազգային իդեալներին ծառայության և նվիրումի պատմություն է։

Ապազգային և օտարածին օրակարգերով առաջնորդվող, մեր հավաքական շահերն ու Հայոց պետականության ապագան հարցականի տակ դնող իշխանությունները կանգ չեն առնում անգամ քաղաքականորեն կարճամիտ և ապօրինի գործողությունների առջև։
Քաղաքական բռնաճնշումների, ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների և ինստիտուտների, բարոյական կոդերի դեմ վարչախմբի պայքարը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մուտք գործելու իրավունքից զրկվել և անցանկալի անձինք են հայտարարվել ՀՅԴ երեք ներկայացուցիչներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված քաղաքական հաշվեհարդարի, ազգային պառակտումի և հայրենազրկումի որդեդրված քաղաքականությունը, այն դիտարկում է օրվա իշխանությունների՝ օտար օրակարգերն ու շահերը անվերապահ ապասարկելու հերթական դրսևորում։ Միաժամանակ, ամենայն վստահությամբ, հայտարարում ենք, որ այսպիսի դրևորումները դատապարտված են ձախողման, իսկ ՀՅԴ-ն չի նախանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից, անելու ենք հնարավորը, որ երկրում հաստատվի Հայոց պետականությանն ու համազգային շահերին ծառայող իշխանություն։