կարևոր
1918 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-01 16:09

Ադրբեջանը, ակտիվացնելով գրոհները, տեղեկատվական դաշտում մի քանի խնդիր է լուծում. նախապատրաստվում են ռազմական գործողությունների. Բալայան

Ադրբեջանը, ակտիվացնելով գրոհները, տեղեկատվական դաշտում մի քանի խնդիր է լուծում. նախապատրաստվում են ռազմական գործողությունների. Բալայան

Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացնելով գրոհները տեղեկատվական դաշտում՝ միաժամանակ մի քանի խնդիր է լուծում՝ ռազմական գործողությունների է նախապատրաստվում, հայությանը փորձում է ահաբեկել, ինչպես նաև ներքին լսարանին է ուզում համոզել, որ ներկա իշխանությունն իրավիճակին տիրապետում է և ինքը պետք է շարունակի ժողովրդին առաջնորդել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը։

«Ադրբեջանն օգտվում է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված վիճակից և փորձում հնարավորինս կորզել մեզնից։ Հնարավոր բոլոր ձևերով ճնշում են գործադրում հայկական կողմի վրա, որպեսզի Հայաստանի տարածքով միջանցք ստանալու իրենց նկրտումներին հասնեն։ Ադրբեջանի շանտաժին տուրք տալ ու կուլ գնալ՝ նշանակում է օրեցօր նոր զիջումներ անել, ինչին, ցավոք, ականատես ենք։ Ակնհայտ է, որ ինչքան խեղճ ու պարտվողական դիրք ես բռնում, այնքան նոր պահանջներ են դնում։ Կյանքն այդպիսին է»,-ասում է Աժ պատգամավորը։
Իրավիճակը փոխելու և պարտվողի բարդույթից ազատվելու միակ իրատեսական ու ճշմարիտ ճանապարհը, մեր զրուցակցի խորին համոզմամբ, սեփական բազմաշերտ անվտանգային համակարգ ստեղծելն է։

«Այսօր ամբողջ աշխարհում լարված վիճակ է։ Իմ գնահատմամբ՝ երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում ՝ ուղղակի այլ բնույթով և ձևերով, ու ցանկացած պահի տարածաշրջանը նորից կարող է շիկանալ։ Հետևաբար, եթե ուզում ենք շարունակել ապրել մեր Հայրենիքում, եթե իսկապես կարևորում ենք այն, որ մեր երեխաները ևս ապրեն իրենց հողում, պետք է պատրաստ լինենք ինքներս մեզ պաշտպանելու։ Պետական համակարգը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում օրնիբուն պետք է աշխատի անվտանգային համակարգն ուժեղացնելու ուղղությամբ։ Ցավոք տեսանելի չէ այդ աշխատանքը ու շատ հեռու է բավարար լինելուց»,-ասում է Բալայանը։

Դաշնակցային հարաբերությունները կարևորելով հանդերձ՝ Բալայանն այն համոզմունքին է, որ սեփական խնդիրների լուծումը չպետք է կապել որևէ մեկի հետ, այլապես մեծանում է կախվածությունը և զրոյանում դերակատարությունդ որպես պետություն, գործոն։ Նրա խոսքով՝ եթե որպես պետություն այնքան ներկայանալի չես, որ քեզ վրա կարողանան խաղադրույք անել, ապա լուսանցքից դուրս ես մնում։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը, թե արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներ են՝ Բալայանի գնահատմամբ, նշանակում էր Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունից հրաժարում ։

«Եթե զորքերը հանել ես, տեխնիկան ամբողջությամբ հանել ես, նշանակում է՝ հրաժարվում ես անվտանգության երաշխավորի քո պարտավորությունը կատարելուց։ Ըստ էության՝ այդպես է ստացվում, և դա արցախահության համար գոյաբանական լուրջ սպառնալիք է պարունակում։ Գրիգորյանի ասածի մեջ կա ճշմարտություն․ Արցախում խաղաղության հիմնական երաշխավորը ներկա դրությամբ խաղաղապահներն են, բայց չգիտենք՝ վաղը ինչ կարող է լինել։ Վերջ ի վերջո, պետություն ունենք և չենք կարող մեր հույսն անընդհատ դաշնակցի վրա դնել։ Ամեն ինչի մասին պարտադիր չէ բարձրաձայնել․ կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ապահովելով՝ հնարավոր է իրապես անվտանգության երաշխավոր լինել։ Անհնարին բան չկա այդտեղ․ միայն կամք, ցանկություն ու աշխատանք է պետք, որպեսզի մեր խնդիրները ինքներս լուծենք»,-ասում է Արցախի ԱԺ պատգամավորը։

Բալայանը խիստ թերահավատ է, որ կստացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորել՝ առանց Արցախի հարցը շոշափելու։ Նրա համոզմամբ՝ այդ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» գործիք է, որով Ադրբեջանը փորձում է իր գերնպատակին հասնել՝ այնպես անել, որ Հայաստանը հրաժարվի Արցախից։