կարևոր
1489 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-01 13:36

Արցախի պետականության պահպանումն ու զարգացումը` հիմնական թիրախ

Արցախի պետականության պահպանումն ու զարգացումը` հիմնական թիրախ

Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի վերջին 30 տարիների գլխավոր հաջողությունն Արցախի անկախությունն է՝ պետականության առկայությունը: 2020թ. պատերազմի հետևանքով խախտվել է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի պատճառով սասանվել է պետական համակարգը, այնուամենայնիվ՝ Արցախի Հանրապետության առկայությունը փաստ է, գոյություն ունեցող իրողություն և լինելիության հիմք:

ՀՀ իշխանությունների վարած աղետաբեր արտաքին քաղաքականության հետևանքները չեզոքացնելու համար ազդու փաստարկ է իրավական առումով՝ հայ ժողովրդի մի հատվածը ներկայացնող պետության առկայությունը եւ այդ պետության հակադիր տեսակետների արծարծումն ու հանրայնացումը, հատկապես՝ միջազգային բեմահարթակում: Կարեւոր է մեկ անգամ ևս շեշտել, որ ՀՀ արտաքին քաղաքականությանը հակադրվելու հարցում Արցախի բոլոր քաղաքական ուժերը և պետական համակարգի բոլոր օղակները համակարծիք են և համահունչ հայտարարություններով հակազդել են դրան:

Արցախի պետության ներքին կառավարման գործառույթը ևս կարևորագույն ազդակ է հետպատերազմյան շրջանում առաջացած խնդիրների և առկա դժվարություննների հաղթահարման առումով: Պետք է խոստովանենք, որ կառավարման համակարգը փորձառու աշխատուժի բացակայության և եղած մարդուժի անկարողության հետևանքով բավականին տկարացած վիճակում է: Այս հարցին Դաշնակցությունը բազմիցս անդրադարձել է՝ քննադատելով իշխանությունների կադրային քաղաքականությունը: Դեռևս շատ անելիքներ կան այս ասպարեզում:

Արցախում սկսվել է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխության գործընթացը: Առաջիկայում հանրությանն է ներկայացվելու մասնագիտական հանձնախմբի կողմից մշակված նոր Սահմանադրության նախագիծը, որը հաստատվելու է հանրաքվեի միջոցով:

Հարկ ենք համարում շեշտել, որ հայեցակարգային առումով Արցախի խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը համախոհություն են ունեցել Սահմանադրության փոփոխությունների հիմնական դրույթների վերաբերյալ: Նոր Սահմանադրության ընդունումը պետք է դիտարկվի որպես պետականության հիմքերի ամրապնդման առիթ:

Չենք կարող շրջանցել նաև Արցախի դերը համահայկական բեմահարթակում: Արցախն այն հարթակն է, որտեղ, անկախ բնակության վայրից, գաղափարական հակումից և տարիքից, համախմբվել է ազգային նկարագիր ունեցող աշխարհասփյուռ հայությունը: Այսօր հայկական իրականության մեջ անհրաժեշտություն է միասնականությունը, և այդ առումով ևս Արցախի պետական համակարգը կարևորագույն անելիքներ ունի:

Վերը նշված բոլոր դրույթները նկատի ունենալով՝ Արցախի պետականության պահպանումն ու զարգացումն այս դժվարին օրերին գերխնդիր է, հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի այս հանգրվանի հիմնական թիրախ:

«Ապառաժ»-ի խմբագրական
31 հուլիսի, 2022թ.