կարևոր
1606 դիտում, 4 ամիս առաջ - 2022-08-01 11:44

Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ

Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ

Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը․ « Աղավնո, Արցախի Հանրապետության սահմանակետ։ Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։

Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:

Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաև հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը։

«Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետևում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարևանի հետ մեկտեղ»,- ասել է Հովհաննիսյանը»։