Աշխարհի տարբեր ծայրերից են եկել, խոսում են տարբեր լեզուներով, բայց ազգությունը նույնն է՝ հայ: Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 11-րդ մարզախաղերի մասնակիցներն են՝ պատմում են այս օրերի տպավորությունների, նոր ընկերների, ձեռքբերումների մասին:
Սիրիայից Ստելան ասում է՝ նախկինում էլ է եկել Հայաստան. այս այցը բոլորովին այլ է: Հպարտանում է՝ Սիրիա վերադառնում են գլուխները բարձր՝ մրցանակով:
Ժիրայրը վստահ է՝ Հոմենըթմենը եզակի միություն է, հայակերտումի իսկական դպրոց:
Շախմատի մրցաշարում Սիրիան առաջին տեղն է զբաղեցրել:
Լիբանանից Նանորը տխրում է՝ հայրենիքում մշտապես ապրելու ցանկությունը մեծ է, բայց չի կարող թողնել տունը, կրթությունը: Նկատում է՝ Լիբանանի համեմատ Հայաստանում կյանքն ավելի հեշտ է:
Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին հայրենի հողում մեկտեղելու, համախմբելու կարեւոր առաքելություն ունեն համահոմենըթմենական խաղերը, ասում է՝ Արցախից Դայանան:
Էլիզաբեթը շեշտում է՝ Հայաստանն ու Արցախը իրենց կարիքը շատ ունեն: Նկատել է՝ հոմենըթմենական բոլոր մարզիկների մեջ հայի ոգին ապրում է, թեեւ բնակվում են տարբեր մայրցամաքներում:
Խաղերի ընթացքում մարզիկները եղել են պատմամշակութային վայրերում՝ Ծիծեռնակաբերդում, Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այստեղ բոլորի հույզերը նույնն են:
Զավեշտալի իրավիճակում են հայտնվել՝ իրավապահներից են դժգոհ, բայց հուրմորով են պատմում: Կարմիրբերետավորները նկատողություն են արել՝ երեկոյան 9-ին հորդորել են չաղմկել:
Հայաստանում հուլիսի 20-30 անցկացվող համահոմենըթմենական 11-րդ մարզախաղերն ավարտվեցին. ավելի քան 650 մասնակիցները հեռանում են՝ վերադառնալու սպասումով:
Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։