կարևոր
1768 դիտում, 5 ամիս առաջ - 2022-07-30 21:22

Ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը ծանր վիճակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմանի համար հայրենիքի օդն էլ են խնայում՝ ասում է Ռուսաստանում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի մայրը: 6 տարի Մուրմանսկի բանտում առողջական բազմաթիվ խնդիրներ ձեռք բերած Արմանը մեկ ու կես տարի է Հայաստանի բանտում է:

Առաքելյանը պատմում է, որ իրեն պատկանող փոքրիկ ռեստորանում փակցված են եղել հայ հերոսների նկարներ, եռագույն դրոշ, եւ ադրբեջանցին գետնին է գցել Շարլ Ազնավուրի նկարը, թքել դրոշի վրա: Նա դանակով հարձակվել է Արմանի վրա, բայց չի կարողացել վնասել բազմաթիվ պարգեւների արժանացած բռնցքամարտիկին: Սպանվել է իր իսկ դանակով: Արման Առաքելյանը  օրեր առաջ ծանր վիրահատության է ենթարկվել: Չի հասցրել ապաքինվել ու արդեն կա որոշում՝ պետք է դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:

Արման Առաքելյանի ազատությունը պահանջող հարյուրավոր մարդիկ ստորագրություններով դիմել են Հայաստանի նախագահին:

Արման Առաքելյանը հարազատներին ասել է՝ ներում չի խնդրի, չի հասկանում անգամ, ոնց կարելի է իրենից նման բան պահանջել: Արմանը վատառողջ է, բայց նրա համար ամենակարեւորը ազգային արժեքներն են,-ասում է մայրը՝ Տաթեւիկ Աղաջանյանը: Հայտնում է՝ Արմանի փոքր որդին 10-ը տարեկանից պայքարել է հոր ազատության համար ու վաղը զորակոչվում է զինվորական ծառայության:

Առաքելյանի աջակիցները համացանցում էջեր են բացել: Նրան նվիրված երգեր եւ տարբեր ստեղծագործություններ են ներկայացնում: Ասում են՝ Ադրբեջանը հերոսացրեց քնած սպային սպանած Սաֆարովին, իսկ մենք մեր երկրում դանդաղ մահվան ենք դատապարտել Արմանին: Աջակիցները միասնության կոչ են անում եւ իշխանությունից պահանջում են անհապաղ ազատություն շնորհել նրան:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։