Հսկայական պատնեշները, ջրցան մեքենաներն ու արցունքաբեր գազը իրաքցի հարյուրավոր ցուցարարներին հետ չեն պահում: Ճեղքում են մայրաքաղաք Բաղդադում հատուկ պահպանվող հատվածը` այսպես կոչված «Կանաչ գոտին», որտեղ տեղակայված են կառավարական շենքները, դեսպանատները, միջազգային օդանավակայանը:
Սա ցուցարարների հաջորդ գրոհն է. գիշերը ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք, որտեղ պատգամավորներ չեն եղել. երգել են, պարել, պառկել սեղաններին ու լուսանկարվել:
Իրաքում ազդեցիկ շիա հոգեւորական եւ քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի այս կողմնակիցները բողոքում են վարչապետի պաշտոնում Մուհամադ ալ-Սուդանիի թեկնածության առաջադրման դեմ՝ պնդելով, որ նա կոռումպացված է եւ, այսպես ասած, Իրանի մարդն է: Նաեւ դժգոհում են քաղաքական ուժերի՝ նոր կառավարություն ձեւավորելու անկարողության դեմ: Արդեն 290 օր է՝ Իրաքը կառավարություն չունի: 2021 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում ամենաշատ մանդատներն էր ստացել հենց շիա գործիչ Մուքթադա աս-Սադրի դաշինքը, որը ձգտում է վերջ դնել Միացյալ Նահանգների եւ Իրանի ազդեցությանը Իրաքի ներքին գործերի վրա: Սակայն 9 ամիս անց իշխանության գալ չի հաջողվում, քանի որ շիա եւ քրդական կուսակցությունները համաձայնության չեն գալիս կոալիցիոն նոր կառավարության ձեւավորման շուրջ: Խորհրդարանում այս տեսարանները հիշեցում են Իրաքի բազմաթիվ մարտահրավերների մասին. չնայած էներգակիրների համաշխարհային գների աճին, նավթով հարուստ Իրաքը մնում է քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամում:
Իրաքի գործող վարչապետ Մուսթաֆա ալ-Քազեմին, որն արդեն 9 ամիս սպասում է, թե երբ են իրեն փոխարինելու, ցուցարարներին կոչ էր արել անհապաղ լքել խորհրդարանի շենքը, բայց ապարդյուն: Խաղաղ հեռացել են միայն 2 ժամ անց՝ իրենց առաջնորդի թվիթերյան հորդորով: Մուքթադա աս-Սադրը Թվիթերում գրել է, որ ցուցարարների ուղերձը լսվել է, կոռումպացվածներն ահաբեկված են, հետո կոչ արել աջակիցներին աղոթել ու տուն գնալ:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։