կարևոր
1747 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-28 21:30

ԼՂՀ նոր քաղաքացի է ծնվել «Տոնոյան» ԲԿ 14 բժշկի այցի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առավոտյան սուրճը աքլորի կանչով, անարատ մեղրով, ընկուզաշատ փախլավայով. Արցախի Չափար գյուղի բնակիչները բացել են ծալովի մահճակալները, փոքրերին ուղարկել տատիկի ծոցը ու իրենց տներում բաշխել Երեւանից եկած՝ «Տոնոյան» բուժկենտրոնի 14 բժշկի. մի քանի օր Մարտակերտի հիվանդանոցում անվճար վիրահատություններ են անելու, ստուգելու են անոթները, սիրտը, աչքը, ամեն ինչ։

«Պատերազմից հետո մեր ժողովրդի վիճակն ընդհանրապես վիճակ չէր, ու էդ պատկերն ակնհայտ է հիվանդանոցներում»,- ասում է Շահումյանի շրջանի հայկական մնացած բնակելի վերջին գյուղից՝ Ակնաբերդից, Մարտակերտի հիվանդանոց եկած Մարինե Առաքելյանը:

Տոնոյան բուժկենտրոնի բժիշկների գալու մասին լսել է ու բազմաթիվ անալիզների պատասխանները, նախկինում նշանակված բուժումները ձեռքին՝ եկել՝ մի անգամ էլ նրանց ցույց տալու:

«Երեւանից եկած բժիշկների հետ աշխատանքը նաեւ փորձի փոխանակման իմաստով է լավ»,- ասում են Մարտակերտի հիվանդանոցի բուժաշխատողները:

Ոչ միայն պատերազմական գործողությունների մասնակցած տղաների, այլեւ նրանց հարազատների մոտ են սթրեսները հիվանդությունների տեսքով արտահայտվել:

«Անընդհատ զգացողություն է, որ մենք մի բան քիչ ենք անում»,- ասում է Տոնոյան կենտրոնի թերապեւտը:

«Տոնոյան» բժշկական կենտրոնի մասնագետների այցի մասին նախորոք հայտարարել են լրատվամիջոցներով ու սոցցանցերում, նշել են բժիշկների քանակն ու մասնագիտությունները:

Մարտակերտի բուժմիավորումը 4 բաժանմունք ունի՝ վիրաբուժական, թերապիա, մանկաբարձ-գինեկելեգիական, մանկական: Ունեն նաեւ ընդունարան, շտապօգնություն, պոլիկլնիկա, արդիական սարքավորումների պակաս չուեն. պետական ծրագրեր են արվել, նաեւ Ռուսաստանում ապրող մարտակերտցիներն են օգնել, վերազինել, բայց նեղ մասնագետների կարիք կա:

Բուժմիավորման կառուցվածքի մեջ մտնում են նաեւ տեղամասային հիվանդանոցները: Տնօրենն ասում է՝ Երեւանից եկած նեղ մասնագետների փորձը ինչպես էլ անես, տեղացիներից շատ է. ավելի շատ են շփվում այդ հիվանդության հետ, նաեւ ուրիշ մայրաքաղաքների բժիշկների հետ, էնտեղի փորձն են վերցնում, եւ այդ փորձը փոխանցում Արցախի բժիշկներին:

«Տոնոյան» բուժկենտրոնի հիմնադիր Տարոն Տոնոյանն ասում է՝ իր թիմի բժիշկները մեկ գիշեր մարտակերտցիների տներում գիշերեցին, որպեսզի տեսնեն՝ Արցախի գյուղացին ինչպես է ապրում, ինչ պայմաններում, գոնե մի քանի ժամ դրա միջով անցնեն, որ պատկերացնեն՝ հայրենիք պահելն ինչպես է լինում:

Մարտակերտի հիվանդանոցի վիրաբույժների ու մանկաբարձ-գինեկոլոգիական թիմի հետ «Տոնոյան» կենտրոնի բժիշկները գործի են անցնում․ կեսարյան հատում է. մարդ է ծնվելու: Աղջիկ է. առողջ, հասուն: Մայրը եւս լավ է: Նորածնի անունը շուրթից շուրթ փոխանցվում է՝ Նռանե:

«Տոնոյան» կենտրոնի բժիշկներն ընթրիքին նշում են Արցախի Հանրապետության նոր քաղաքացու ծնունդը վառ կարմիր մոմերով:

Նռանեի ծնունդն ընդունած վիրաբույժը՝ Մարտակերտի բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը, փչում է մոմերը:

Մանրամասները՝ Աննա Բալյանի տեսանյութում։