Կա կոնկրետ վարչախմբի ղեկավար՝ անունը Նիկոլ Փաշինյան, որը հետապնդում է ինձ ու իմ ընտանիքին՝ դատարանում հայտարարում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին ասում է՝ ինքը «քաղաքական պատանդ» է, քանի որ երկուս ու կես ամիս այդ կարգավիճակում է:
Ճիշտ մեկ ժամ Չալաբյանի փաստաբանները դատարանին բացատրում են, որ դատը չի կարող կայանալ, քանի դեռ իրենց չի տրամադրվել գործի փաստական հանգամանքները ներկայացնող նյութերը: Դատարանն, այնուամենայնիվ, որոշում է շարունակել վարույթը. նշում՝ տուժողի լսված լինելու իրավունքը պահպանվել է:
Փաստաբան Հարությունյանը հայտարարում է, որ պաշտպանական կողմը բոյկոտում է դատարանի որոշումը եւ լքում նիստերի դահլիճը: Դատավորը նրանց նկատմամբ սանկցիա է կիրառում եւ նիստը հետաձգում մեկ ժամում: Ընդմիջման ավարտից հետո էլ պաշտպանական կողմը դահլիճ չի վերադառնում: Չալաբյանը պահանջում է իրենց տրամադրել գործի նյութերը:
Ավետիք Չալաբյանին մեղադրում են հավաքներին մասնակցելու նպատակով երկու կամ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար: Նրա պաշտպանական թիմը վստահեցնում է, որ մեղադրանքի հիմքում ընդամենը մեկ մոնտաժված եւ անթույլատրելի համարվող ձայնագրություն է: Նիստը կշարունակվի վաղը՝ նշում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Ասում է՝ եթե պաշտպանները չներկայանան, միեւնույնն է, հանրային պաշտպան կներգրավի: Իսկ մեղադրյալին թույլ չի տա դատը վերածել քաղաքական խոսակցությունների ասպարեզի:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։