կարևոր
2617 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-26 22:06

«Տոնոյան» բժշկական կենտրոնը Արցախի կողքին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արկի բեկորների տեղերը Մարտակերտի թարմ նորոգված բուժմիավորման առաստաղին ու պատերին՝ չեն թողնում մոռանալ. պատերազմը չի ավարտվել:

Իր հիմնադրած «Տոնոյան» բուժկենտրոնի 14 նեղ մասնագետների հետ Տարոն Տոնոյանը Մարտակերտում է՝ մի քանի օր այս հիվանդանոցում բժշկական ծառայությունների ամբողջական փաթեթ մատուցելու: 2016-ի քառօրյային Թալիշում ծանր վիրավորված Էրիկի 22-րդ վիրահատությունն ինքն է անում:

Այս վիրահատությունն էլ, մյուսներն էլ հնարավոր չէին լինի, եթե «Տոնոյան բուժկենտրոնի», օրինակ, անեսթեզիոլոգ Գարիկ Հակոբյանը չգար: Մարտակերտի հիվանդանոցի գլխավոր բժիշկը թեեւ վիրաբույժ է, բայց վերջին տարիներին նշտար քիչ է վերցնում. առանց անեսթեզիայի ինչպես վիրահատի: Նեղ մասնագետների խիստ կարիք կա:

Հենց այս նեղ մասնագետներն են մի քանի օրով եկել Երեւանից: Բժիշկ Տարոն Տոնոյանի նախաձեռնությունն է: Անընդհատ պետք է պլանավորել աշխատանքը, ասում է, ռազմավարություն է պետք, որ մի օր մեր ունեցածն էլ չկորցնենք: 44-օրյայի պարտությունը կազմակերպական խնդիր էր:

Մարտակերտի՚ 1950-ականներին հիմնած հիվանդանոցի գլխով 3 պատերազմ է անցել: Մոտ 13 անգամ վրանների տակ դաշտային հոսպիտալ են կառուցել: Հիվանդանոցի ղեկը 22 տարի վարած հորից՝ Սերգեյ Օհանյանից,  վերցրած Գագիկ Օհանյանն այստեղ ե՛ւ վիրաբույժ է, ե՛ւ հաշվապահ, ե՛ւ տնտեսվար:

Ապրիլյանից հետո նույն տեղում նոր հիվանդանոց են կառուցել՝ ավելի փոքր. եթե նախկինում 220 մահճակալ էր, հիմա՝ 50-ը, շրջանի՝ 21 հազար դարձած բնակչությանը համահունչ: Վերջին պատերազմին հիվանդանոցն աշխատել է մինչեւ հոկտեմբերի 4-5-ը, նկուղային հարկում: Ապա հիվանդ ընդունել-ճանապարհելու խնդիրներ են առաջացել ու այն տարհանել են Չլդրան գյուղ: Մինչեւ նոյեմբերի 9-ը հիվանդանոցը գործել է, հետո նորից տեղափոխվել Մարտակերտ:

Տարոն Տոնոյանը մինչեւ 44-օրյան տարին 2 անգամ բժիշկների խումբ էր տանում Հադրութ՝ անվճար բուժծառայություններ մատուցելու: Հիմա, երբ Հադրութը թշնամու վերահսկողության տակ է, Տոնոյան կենտրոնի բարձրակարգ մասնագետները Մարտակերտում են: Մտադիր են դարձյալ տարին երկու անգամ գալ:

Պետք է չհանձնվել՝ ասում է Տարոն Տոնոյանը, կապ չունի՝ ինքը կտեսնի, թե չէ, բայց քանի որ ազգը պետք է հարատեւի՝ մեր ռազմավարական ծրագրերի մեջ անպայման պետք է ունենանք Հադրութի, Շուշիի վերադարձը: Էրիկ Բաբայանի 2 քեռիները անհետ կորել են Արաբո ջոկատի կազմում: Նա չի կարող համակերպվել, որ քեռիների, զոհված ընկերների նման տղերքի արածը չկա:

Արցախը դեռ վիրավոր է. շունչը պահած, ատամները սեղմած, ականջը սրած որոշում կայացնողների ամեն մի բառին: /վիրահատություն՝ Տոնոյան խոշոր/ «Տոնոյան» կենտրոնի բժիշկները փաթաթում են վերքերը՚ ինչքան կարող են: Հերթը քաղաքական գործիչներինն է:

Մանրամասները՝ Աննա Բալյանի տեսանյութում։