կարևոր
2116 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-25 21:36

Ալիեւին սիրաշահելու հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը խանգարողը՝ հայկական սփյուռքն է, հայկական լոբբին. Անկարայից եւ Բաքվից՝ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, այս թեզը վերջին շրջանում հաճախ է հնչում: Ադրբեջանի նախագահը, օրերս Բաքվում ընդունելով Եվրախորհրդարանի պատվիրակությանը, նախ ասել էր, թե զարմացած է, քանի որ վերջին անգամ նման այց 4 տարի առաջ էր եղել, հետո անմիջապես բողոքել էր՝ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի հանդեպ, քան Հայաստանի խորհրդարանը: 
Բայց Ալիեւը լավ է հիշում վերջին բանաձեւը՝ Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին: Այս գարնանը ընդունված փաստաթղթով եվրապատգամավորները դատապարտել էին Ադրբեջանին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար: Ագրեսոր երկրի նախագահը Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահին փորձել է համոզել, թե իբր վանդալներն ու բարբարոսները հայերն են, միեւնույն ժամանակ, ասել, թե Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւերն իր համար նշանակություն չունեն, քանի որ դրանք չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ: Հանդիպմանը Ալիեւի լեզուն ավելի երկար է, քանի որ ընդամենը մեկ օր առաջ նա էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ու լսել նրանից, թե Ադրբեջանը վստահելի գործընկեր է: 
Դեյվիդ Մքալիսթերը Ալիեւի մեղադրանքներին անդրադարձավ արդեն Երեւանում. Ադրբեջանի բողոքները լսել են, բայց դա որեւէ բան չի փոխում Եվրախորհրդարանի աշխատանքներում: 
Եվրամիության կառույցներում Հայաստանի շահերն առաջ մղող ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, անդրադառնալով Բաքվում եվրապատգամավորներին նսեմացնելու Ալիեւի փորձերին, եզրակացնում է՝ սա Եվրամիության օրենսդիր եւ գործադիր իշխանության համագործակցության բացակայության հետեւանքն է. երբ օրենսդիրը քննադատում է ռազմական հանցագործություններ իրականացնող, մարդու իրավունքները ոտնահարող Բաքվի բռնապետին, իսկ գործադիրը հանկարծակի որոշում է սիրաշահել Ալիեւին՝ Եվրամիությանը փոքր ծավալներով գազ մատակարարելու համար:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը