Նոր քրեական օրենսգրքում իշխանությունները գաղտնի, առանց հանրային քննարկման ավելացրել են մի հոդված հատուկ «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
«Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում քրգործը հարուցվել էր այն իրադրության պայմաններում, երբ նոր քրեական օրենսգրքի մեջ այլևս այդ հանցակազմը չկար։ Այսինքն` նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու նպատակով արարքն ապաքրեականացվել էր նոր օրենսգրքով։ Սակայն Չալաբյանի կալանքի ժամանակ իշխանությունները գաղտնի, առանց հանրային քննարկման նախագծի մեջ այդ հանցակազմը ներառեց և հուլիսի 1-ից արարքը քրեականացվեց։ Սա արվեց հատուկ Ավետիք Չալաբյանի համար»,–նշեց փաստաբանը։
«Այսօր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի անունը շատ է շրջանառվում: Մենք մեր մաշկի վրա երկրորդ անգամ զգացինք Ալեքսանյանի պռոմեղադրական դիրքորոշումը: Քննիչը ներկայացրել էր կալանքը երկարացնելու միջնորդություն, որի հիմքում դրել էր նախկին օրենսգրքի կարգավորումները, նախկին մեղադրանքով: Այնինչ միջնորդությունը ներկայացվել է հուլիսի 9-ին և 7 օր է, ինչ նախկին օրենսգիրքը չէր գործում: Սահմանադրական դատարանը շատ հստակ դիրքորոշում ունի, որ կալանքի հիմքում ընկած մեղադրանքը պետք է լինի օրինական: Նիստը բացվելուն պես Ալեքսանյանը սկսեց քննիչին կշտամբել: Դատավորը զայրացավ և տվեց մինչև հաջորդ օրը ժամանակ, որպեսզի միջնորդության հիմքում ընկած մեղադրանքը օրինականացվի: Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ պահանջում է, որ եթե կալանքի երկարացման միջնորդություն եք ներկայացնում, ապա պետք է հիմնավորեք, որ այն ընթացքում, երբ անձը գտնվել է կալանքի տակ, նախաքննություն իրականացնող մարմինը անգործության մատնված չի եղել: Բայց մեր պարագայում քննիչը չի հիմնավորել: Ալեքսանյանը կրկին բարկացավ քննիչի վրա: Նրանց հիմնական նպատակը եղել է այդ ընթացքում Չալաբյանին պահել կալանքի տակ»,- ասաց Հարությունյանը:
Փաստաբանը նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ միջդատական նիստը տեղի է ունեցել դռնբաց, քանի որ նոր քրեական օրենսգիրքը տալիս է նման հնարավորություն:
Վարազդատ Հարությունյանը նաև նշեց, որ Չալաբյանի կալանքը քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ 15 օրով կալանքը երկարացնելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, իսկ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմել են դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողով։
«Մենք գտնում ենք, որ Ալեքսանյանի կայացրած դատական ակտը ապօրինի էր, իսկ դատական ակտը՝ Չալաբյանին ապօրինի կերպով ազատությունից զրկելն էր »,- ասաց Հարությունյանը:
Փաստաբանի ներկայացմամբ, Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար կա ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական պատճառ, որի մասին, սակայն, կարող է խոսել միայն ինքը` Չալաբյանը։
Նա հավելեց, որ վաղը Չալաբյանի գործով առաջին դատական նիստն է` դատական լսումներ են. նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում ժամը 13։00-ին։