կարևոր
1408 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-07-23 21:21

Լիբանանի քաղաքական ու ֆինանսատնտեսական ճգնաժամը տակնուվրա է արել հայ համայնքի կյանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեեւ Լիբանանի խորհրդարանական ընտրություններից ավելի քան 2 ամիս է անցել, այնուամենայնիվ, այդ երկրում կառավարություն դեռ չի ձեւավորվել: Լիբանանցիներին սա թերեւս մտահոգում, բայց շատ չի զարմացնում: Մինչ այս էլ մոտ երկու տարի են առանց կառավարության գոյատեւել: Բայց այսօրվանից առավել մտահոգիչ եւ անորոշ է վաղվա Լիբանանի հեռանկարը: Հոկտեմբերին ավարտվում է նախագահ Միշել Աունի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: Ու չի բացառվում, որ ամիսներ անց այդ երկիրը կառավարություն չունենալուց բացի չի ունենա նաեւ նախագահ: 
Ներքաղաքական ճգնաժամ, կորոնավիրուսի համավարակ, ապա խոշոր պայթյուն Բեյրութում. սրանք բոլորը վերջին տարիներին նպաստեցին, որ տակնուվրա լինի նաեւ Լիբանանի տնտեսական կյանքը: 
Այս ամենից Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական համայնքը չտուժել չէր կարող: Ամենուրեք գնաճ է, լիբանանյան ֆունտը գրեթե 20 անգամ արժեզրկվել է, իսկ լիբանանահայությունը գոյատեւելու, առաջին անհրաժեշտության կարիքները բավարարելու խնդիրներից զատ պետք է պահպանի նաեւ ազգային միութենական կառույցները՝ ներառյալ՝ դպրոցներն ու վարժարանները: 
«Սովորական հայկական գաղութ չէ Լիբանանինը»,- վստահեցնում է այդ համայնքի ներկայացուցիչը ու ավելացնում՝ դրա ազդեցությունը նաեւ Լիբանանից դուրս է տարածվում, եւ որքան թուլանա լիբանանահայությունը, այնքան կթուլանա նաեւ Սփյուռքի ու Հայաստանի դերն աշխարհում: 
Հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում ծնված ու մեծացած Վիգեն Ավագյանը Լիբանանից հեռանալ դեռ չի պատրաստվում: Ասում է՝ գաղութի համար կարեւոր պաշտոններ է զբաղեցնում, Լիբանանահայ ազգային վարժարանների ուսումնական խորհրդի ատենապետն է, «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրենը: Չի ուզում դասալիք դառնալ ու մենակ թողնել լիբանանահայությանն այսօրվա մարտահրավերների դեմ պայքարում: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը