Խարույկի շուրջ՝ կիթառի նվագակցությամբ հնչում են միայն հեղինակային երգեր: Այս ժանրն ամենաանկեղծն են համարում հեղինակ-կատարողները: Ամենաանկեղծ ժանրի ներկայացուցիչներին արդեն 7-րդ տարին Սեւանի ափում համախմբում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը:
Վրանային ճամբար, վարպետաց դասեր, նոր ծանոթություններ, բայց նաեւ մրցույթի մասին չեն մոռանում հեղինակ-կատարողները: Փառատոնը երկու փուլով է անցնում: Նախընտրականը Երևանում էր, որի ամփոփիչ համերգի քվեարկությամբ ընտրված լավագույն տասնյակին է միայն հնարավորություն ընձեռվել արդեն Սեւանում ներկայացնել իր ստեղծագործությունները: Այստեղ մրցույթի մասնակիցների կողքին երգում են նաեւ նախորդ տարիների հաղթողներն ու փառատոնի պատվավոր հյուրերը՝ արտասահմանից ժամանած:
Իսկ վերջում հաղթում է երգը, որում, ինչպես այս ժանրի ներկայացուցիչներն են ասում, կյանքն է՝ իր բոլոր գույներով: