կարևոր
5788 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-21 20:34

«Դիմադրություն» շարժման պայքարը սեպտեմբերից նոր շունչ ու ոգի է ստանալու․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե ընդդիմությունը սեպտեմբերին գնա խորհրդարան, ապա՝ միայն իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա:
Իշխող խմբակցության ղեկավարը օրեր առաջ հեռակա դիմել էր ընդդիմադիրներին՝ պնդելով, որ նրանք մանդատ են ստացել ընտրողների ձայնը հենց խորհրդարանում լսելի դարձնելու համար: 
Իշխան Սաղաթելյանը հերթով թվում է ընդդիմադիրների նախաձեռնությունները, որոնք վերաբերել են Արցախին, անվտանգային, նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հիշեցնում, որ դրանց բոլորին իշխանականները դեմ են եղել: Իսկ նրանց օրակարգը ընդդիմադիրների պնդմամբ՝ ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը: 
Ի դեպ հենց Գլխավոր դատախազի ու այլ պաշտոնյանների ընտրություններին չմասնակցելու համար էլ է իշխող խմբակցությունը մեղադրում ընդդիմությանը: Մեղադրում է նաեւ խորհրդարանական դիվանագիտության մեջ իրենց հետ չհամագործակցելու համար: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն էլ այս համատեքստում հիշեցնում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը խոչընդոտել է նույնիսկ, որ նա նամակով դիմի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ այդ երկրում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու նպատակով: 
Ապրիլի 12-ից խորհրդարանական աշխատանքների բոյկոտը արդարացված են համարում ընդդիմադիրները, շարժման շնորհիվ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չեն համարում: Համաձայն չեն քննադատություններին, թե եղանակով պայմանավորված հանրահավաք հետաձգելը կարող է շարժման թափը կոտրել: 
Հիմա կազմակերպական աշխատանքների փուլն է, սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու. ասում են, բայց դեռ փակագծերը չեն բացում: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը