կարևոր
2989 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-21 20:22

Հայ երեխաները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 ընկերների ստեղծած ռոբոտը դեռեւս անուն չունի, բայց կարճ ժամանակում հասցրել է իրենց ընկերը դառնալ: Նա պետք է կարգի բերի այգին՝ մաքրելով մոլախոտերը, միեւնույն ժամանակ չպետք է վնասի զատիկներին: Մոտ 2 ամսում են ստեղծել ռոբոտը. ասում են՝ շատ հաճախ, նույնիսկ գիշերն են անքուն մնացել, որ իրենց ընկերն անթերի լինի: 
Տղաները Կապանից եկել են՝ մասնակցելու արդեն 7-րդ անգամ մեր երկրում անցկացվող ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին: Ու մինչ ոգեւորված պատմում էին իրենց աշխատանքի մասին, երեւի չէին էլ պատկերացնում, որ հենց իրենց է բախտը ժպտալու: Գլխավորը մրցանակը՝ ուղեգիր դեպի Գերմանիան հիմա արդեն իրենց ձեռքում է: Նոյեմբերին, արդեն այդ երկրում կմասնակցեն օլիմպիադայի միջազգային փուլին: 
Այս տարի մրցույթին մասնակցում էր 17 թիմ՝ Երեւանից եւ մարզերից: Դպրոցականներն այս տարի երկու անգամ ավելի շատ էին: Պայքարն ընթանում է 8-19 տարիքային երեք խմբերի միջեւ: Կարգախոսն էլ «Իմ ռոբոտն իմ ընկերն է»: 
Այս խումբն էլ հաղթող է ճանաչվել կրտսեր տարիքային խմբում: Տղաները ռոբոտի ինժեներներն են, իսկ Նարեն՝ ծրագրավորողը: Անկեղծանում են՝ թեեւ դժվարություններ ունեցել են, անգամ հիասթափվել են, բայց կանգ չեն առել:  
Հաղթող երկու թիմին էլ նկարահանել էինք պատահականության սկզբունքով, երբ դեռ հայտնի չէր մրցույթի արդյունքները: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում