կարևոր
3766 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-21 19:36

Համահոմենըթմենական մարզախաղերի շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակությունները այցելեցին Եռաբլուր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգով եւ աղոթքով հոմենըթմենականները հարգանքի տուրք են մատուցում արցախյան պատերազմների զոհերին: Սիրիայից ժամանած պատվիրակությունն առավել երկար կանգ է առնում սիրիահայ սկաուտ եղբայրների շիրիմների առջեւ, հոմենըթմենական մեծ ընտանիքից Արցախյան գոյամարտին շատերն են տվել իրենց կյանքը, 10 հոգի միայն 44-օրյա պատերազմում։ 
Համահոմենըթմենական մարզախաղերից առաջ Եռաբլուր զինվորական պանթեոն եկած հոմենընթմենականները նահատակված տղերքի շիրիմներին ուխտեցին՝ ավարտին հասցնել նրանց թողած կիսատ գործը: 
Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 650 մարզիկ է մեկտեղվել հայրենիքում՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 11-րդ մարզախաղերին մասնակցելու համար: Մարզաձեւերն այս տարի 12-ն են, հաղթողները կստանան մրցանակներ: Համահոմենըթմենական մարզախաղերի գլխավոր նորությունը հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ երիտասարդների համար կազմակերպվող «Հրաշք» մարզախաղեր են: 
Խաղերն ու ՀՄԸՄ-ն 100 ամյա պատմություն ունի: Երիտասարդ Վահան Չերազը, 1908 թվականին հիմնել է «Տորք» անունով ֆուտբոլի թիմը, որից սկսվել են հայ երիտասարդների սպորտային հաջողություններն Օսմանյան կայսրությունում: Անկախ Առաջին Հանրապետությունում, Կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով, ընկերների` Տիգրան Խոյանի եւ Եղիշե Քաջունու հետ 1920 թվականին հիմնում են ՀՄԸՄ-ի մարզական եւ սկաուտական շարժումը: Համահոմենըթմենական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ:

Մանրամասները՝ Լիանա Սարգսյանի տեսանյութում