12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Բաղդադում եւ Իրաքի այլ քաղաքներում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ այրում են Թուրքիայի դրոշը: Թուրք-իրաքյան հարաբերություններում դիվանագիտական սկանդալ է: Իրաքցիների զայրույթն առաջացրել է Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած հարձակումը:
Հրետակոծվել է Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Զախո զբոսաշրջային քաղաքը: Զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, կա 23 վիրավոր: Իրաքը հարձակման համար մեղադրում է Թուրքիայի զինված ուժերին: Բաղդադում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Իրաքն Անկարայից նաեւ հետ է կանչում իր գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Մինչդեռ, Թուրքիան չքմեղանում է ու փորձում մեղքը գցել քուրդ զինյալների վրա: Թուրքիայի արտգործնախարարությունը Իրաքի կառավարությանը կոչ է արել չանել հայտարարություններ՝ ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության եւ քարոզչության ազդեցության տակ, հորդորել համագործակցել իրական մեղավորներին գտնելու համար՝ ակնարկելով, որ իրական մեղավորը «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում: Արդեն մի քանի տարի է՝ Թուրքիան Իրաքում փաստացի բռնազավթել է բազմաթիվ բնակավայրեր: Մեւլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքի եթերում պնդում է, թե իբր Իրաքում Թուրքիայի, այսպես կոչված, ռազմական գործողությունը ուղղված է միմիայն «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ:
Առիթից օգտվելով՝ Չավուշօղլուն նորից հայտարարում է, թե պետք է ահաբեկիչներից մաքրեն թե՛ Իրաքը, թե՛ Սիրիան՝ արդարացնելով թուրքական ներխուժումը: Պաշտոնական Անկարան, հակաահաբեկչական գործողության անվան տակ, նոր ներխուժում է ծրագրում Սիրիա, ինչի հետեւանքների մասին ընդամենը 2 օր առաջ Թեհրանում Թուրքիայի նախագահ Էրդողանը զգուշացում ստացավ Իրանի հոգեւոր առաջնորդից:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը