Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ մարզախաղերի գլխավոր նորությունը հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ երիտասարդներ համար կազմակերպվող «Հրաշք» մարզախաղերն են:
Կազմակերպիչները նշում են՝ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 650 մարզիկ է մեկտեղվել հայրենիքում՝ Համահոմենըթմենական մարզախաղերին մասնակցելու: Մարզաձեւերն այս տարի 12-ն են: Ոչ հայ մարզիկները չեն կարող ներգրավվել խաղերին. եթե հաստատվի, որ օտարազգի է մասնակցում, խումբը կհամարվի պարտված, նույնիսկ եթե հաղթի մրցույթը: Նույնը կրկնելու պարագայում խումբը կհեռացվի խաղերից:
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը հիմնվել է 1918թ. Կոստանդնուպոլսում. նպատակը ցեղասպանությունից փրկված հայ որբերին հավաքելն էր: Մեծ Եղեռնից հետո Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում օտարերկրյա կազմակերպությունները ստեղծեցին բազմաթիվ հայկական որբանոցներ։ Շնորհիվ այս կազմակերպությունների՝ ցեղասպանություն վերապրած հայ մանուկներն ապահով հանգրվան գտան։ Պատմությունից հիշատակումներ է անում Հոմենըթմենի Կենտրոնական վարչության անդամը:
Հայաստանի ազգային սկաուտական շարժումը հուշագիր է ստորագրել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հետ: Կողմերը համագործակցելու են հետեւյալ ուղղություններով. հաշմանդամային սպորտ, սոցիալական տուրիզմ, մարզական միջոցառումների լուսաբանում, երիտասարդների շրջանում սպորտային եւ կրթական միջոցառումների կազմակերպում:
Համահոմենըթմենական մարզախաղերը հուլիսի 20-30-ին են: Խաղերի բացումը կտրվի Ազատության հրապարակից. կնախորդի մարզիկների շքերթը: Մինչ այդ Հայաստան ժամանած պատվիրակությունները այցելելու են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։
Մանրամասները՝ Լիանա Սարգսյանի տեսանյութում